Ժուռնալիստների միության նախագահը սթափության կոչ է անում «էյֆորիկ վիճակում գտնվող ազատամարտիկներին»
Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սթափության կոչեր արեց «Սասնա ծռեր» խմբավորման՝ «էյֆորիկ վիճակում գտնվող ազատամարտիկներին»:
«Մեր ժողովուրդը սիրում է հպարտանալ իր պատմությունով, բայց այդ պատմությունից դասեր քաղել չի սիրում, որովհետև, եթե մեկ անգամ խորհեին, թե լարված վիճակներում ինչ դասեր կարող ենք վերցնել մեր պատմությունից, մենք այսօր չէինք հավաքվի: Անկեղծ ասած՝ «պատանդ» բառն անհարիր է հայ ժողովրդի պատկերացումների հետ:
Այդ բառը նոր է ներխուժել այլ երկրներից ու մեզ չի սազում, մեզ հետ կապ չունի: Ես ուզում եմ, որ այս էյֆորիկ վիճակում գտնվող ազատամարտիկները, որոնցով մենք միշտ հպարտացել ենք, մի քիչ սթափվեն, մի քիչ ողջամիտ լինեն և մտածեն՝ ինչո՞ւ են իրենք պատանդ վերցնողի անունը վաստակում, այդ դրոշմը վերցնում իրենց վրա, որովհետև դա իրենց բոլորովին չի սազում: Եվ ո՞ւմ են պատանդ վերցնում՝ իրենց ազգակիցներին, եղբայրներին: Ե՛վ այն կողմը, և՛ այն կողմը մեր հայրենակիցներն են, մեր եղբայրներն են, բոլորի համար մենք ցավում ենք: Սա ահավոր մի բան է, եթե սա խորը ակոսներ թողեց մեր ժողովրդի պատմության մեջ, մղձավանջ է մեր ամբողջ ժողովրդի համար»,- ասաց նա:
Ժուռնալիստների միության նախագահի խոսքով՝ պետք է ուժ ունենանք՝ «այս մղձավանջից դուրս գալու», ինչի համար, ըստ նրա՝ պետք է առաջին շարքերում լինեն հենց «Սասնա ծռերի» տղաները.
«Եթե նրանք առանց վարանելու գնացել են կռվելու թշնամու դեմ, ուրեմն՝ նրանք հիմա կարող են սթափվել և ասել՝ այս ի՞նչ ենք անում, չէ՞ որ մեր կողքին մեր եղբայրներն են: Եվ տեսեք, թե ինչ արձագանքներ կան: Ինչ ուզում է՝ գրեն, մենք պետք է հանդիպենք, մենք պետք է հորդորենք: Մեր ամբողջ հասարակությունը հիմա հիվանդ վիճակում է, բոլորն ամեն օր իրար հարցնում են՝ ի՞նչ նորություն կա, մի՞թե մեզ այնպես ենք կորցրել, որ չենք կարող մի լավ որոշում կայացնել: Մի՞թե մեր իշխանություններն ու «Սասնա ծռերի» տղաները չունեն այդքան ներքին կամք, ուժ, որ նստեն բանակցությունների սեղանին, ողջամիտ, սթափ քննարկեն: Մենք այլևս զրկված ենք մի կաթիլ արյուն թափելու բարոյական իրավունքից»: