Զախարովան ԼՂ հարցում Թուրքայի մասնակցության վերաբերյալ հայտարարությամբ ասում է, որ այդ երկիրն ունի ադրբեջանամետ դիրքորոշում. Է. Շարմազանով. tert.am
Հայտարարությամբ, որ Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում կախված է բանակցային գործընթացում երկրի ունեցած ներդրման կառուցողականությունից, Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան տողատակերով հստակ ասում է, որ Թուրքիան ունի այս հարցում միակողմանի և ադրբեջանամետ դիրքորոշում:
Սա Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությունն է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի դիրքորոշմանը` Թուրքիայի` Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում ընդունելի դիրքորոշման վերաբերյալ:
Tert.am-ի հետ զրույցում նա մանրամասնեց. «Շատ կարևոր է, որ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը նման դրական և կառուցողական հայտարարություն է անում: Նախ, որովհետև ՌԴ-ն Մինսկի խմբի համանախագահ երկիր է, և նա դրանով իսկ ցույց է տալիս, որ Մինսկի խմբի անդամ երկիր Թուրքիան չպետք է ունենա ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրում միակողմանի ադրբեջանամետ դիրքորոշում, և դա կարող է տարածաշրջանային կոնֆլիկտների լուծմանն ազդեցություն ունենալ միայն այն դեպքում, երբ ունենա կառուցողական, այսինքն` ոչ կողմնակալ դիրքորոշում»։
Հիշեցնենք, որ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Թուրքիայի, ինչպես նաև ցանկացած այլ պետության մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում կախված է բանակցային գործընթացում երկրի ունեցած ներդրման կառուցողականությունից ու ավելացրել. «Ինչ վերաբերում է Թուրքիայի մասնակցությանը ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում, ցանկացած համագործակցություն կարելի է դրական համարել միայն դրա կառուցողական լինելու դեպքում։ Եթե բանակցությունների ընթացքում երկիրն իրոք ավելացնելու բան ունի, կրկնում եմ՝ կառուցողական ներդրում, ապա դրա մեջ ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է Թուրքիայի մասնակցության վերաբերյալ Մարիա Զախարովայի ասածին, ապա Շարմազանովը առաջարկում է «Մինսկի խումբ» և «Մինսկի խմբի համանախագահություն» եզրույթները տարբերակել:
«Թուրքիան 92 թվականից ՄԽ անդամ է, և, բնականաբար, ՄԽ բոլոր երկրները մենք շատ դեպքում խառնում ենք: Այն է՝ խնդրի լուծման մանդատ ունի համանախագահությունը, բայց անդամ երկրները, ինչպես պարբերաբար տեսնում եք՝ հանդես են գալիս հայտարարություններով ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված, հանդիպումներ են ունենում ԵԱՀԿ դեսպանների հետ։ Այս իմաստով Զախարովան ևս մեկ անգամ զգուշացրել է Թուրքիային, որ պետք է կատարեն այն բոլոր պարտականությունները, որը նա ստանձնել է որպես ՄԽ անդամ երկիր»,-հավելեց ԱԽ փոխխոսնակը:
Այս համատեքստում ՀՀԿ խոսնակը հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմից հետո ՄԽ անդամ երկրները, այդ թվում նաև՝ Թուրքիան, հանդես եկան հայտարարությամբ, որտեղ պաշտպանում են այն դիրքորոշումը, որն ունեն համանախագահ երկրները:
«Զախարովայի այս հայտարարությունը ունի երկու հստակ ուղերձ: Առաջին. Թուրքիայի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում անընդունելի է և անթույլատրելի է: Երկրորդ. Թուրքիան կարող է ունենալ որևէ դերակատարում միայն կառուցողական դերակատարման դեպքում: Այսինքն` ՌԴ-ն ևս մեկ անգամ փաստում է, որ Թուրքիան այս տարիների ընթացքում կառուցողական մոտեցում չի ունեցել, և երկրորդ՝ Թուրքիայի ադրբեջանամետ դիրքորոշումն ընդունելի չէ: Եվ երրորդ, որպես ՄԽ անդամ, պետք է կատարի իր պարտավորությունները, պահպանի այն նորմերն ու սկզբունքները, որոնք ընդունել է ՄԽ-ն»,-հավելեց ՀՀԿ խոսնակը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։