«Կարո Եղնուկյանը նույնպիսի գործողություններ է իրականացրել, ինչ բազմաթիվ պատգամավորներ, իրավապաշտպաններ, լրագրողներ». ինչու է ձերբակալվել Կարո Եղնուկյանը

Մի քանի օր առաջ ԱԱԾ-ն խուզարկել է Կարող Եղնուկյանի, նրա կնոջ մոր բնականները, ավտոտմեքենաները, ավտոտնակը. և ոչինչ չհայտնաբերով՝ նրան ձերբակալել են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

Նա նշեց, որ ձերբակալման ժամանակ, որպես այդպիսին, կասկածանքն իրենց գրավոր չի ներկայացվել, պարզապես նշվել է, որ Եղնուկյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ և 219-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ:

«Դրանք վերաբերում են պատանդներ պահելուն աջակցելուն և շինություններ զավթելուն աջակցելուն: Չեն նշել, թե Կարո Եղնուկյանն ինչ գործողություններ է կատարել, բայց բանավոր հարցադրումներից պարզար դարձավ, որ Կարո Եղնուկյանին կասկածում են, որ նա փորձել է ինչ-որ ձևով այս վերջին 2-3 օրերի ընթացքում ինչ-որ բանով օգնել ապստամբներին կամ զինված խմբի անդամներին»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ Կարո Եղնուկյանը կապվել է Վարուժան Ավետիսյանի հետ, հավանաբար խմբի նաև այլ անդամների հետ, փորձել է լուծել նաև սննդի խնդրի հետ կապված հարցը, այսինքն՝ խոսքն այնպիսի գործողությունների մասին է, որ այսօր կատարվում են շատ քաղաքական գործիչների, պատգամավորների կողմից:

Փաստաբանն ասաց, որ հավանաբար այսօր Կարո Եղնուկյանին մեղադրանք կառաջադրվի, և նրան կալանավորելու համար միջնորդություն կներկայացվի դատարան:

«Իրենք ասում են, որ ոչ թե աջակցել է, այլ աջակցելու փորձ է կատարել: Այսինքն՝ կասկածանքից հստակ երևում է, որ նա որևէ բան չի կատարել, այլ ցանկացել է կատարել: Աջակցելու փորձ տերմին իրավաբանության մեջ չկա: Կարո Եղնուկյանի կարծիքով՝ հստակ հրահանգ կա, որպեսզի իրեն այս պահին հեռացնեն, մեկուսացնեն, որպեսզի նա իր գործունեությունը չծավալի»,- ասաց Տիգրան Հայրապետյանը` անգրագիտություն որակելով մեղադրանքը:

Տիգրան Հայրապետյանն ասաց, որ նշվում է, թե Կարո Եղնուկյանը ցանկացել է աջակցել ապստամբներին. «Մի պահ ենթադրենք՝ աջակցել է: Այդ աջակցությունը վերագրում են նրան, որ Կարո Եղնուկյանի դիտավորությունն է եղել պատանդներին պահել: Եթե այսպես դիտարկենք՝ եթե կամայական անձը փորձում է այդ արյունահեղությունը դադարեցնել, ինչ-որ միջոցներ, որպեսզի խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով, դա համարվում է աջակցություն: Չեմ գտնում, որ իրավաբանությունը կարելի է այսպես լայն մեկնաբանել, ասել, որ աջակցությունն ուղված էր նրան, որպեսզի պատանդներն ավելի երկար պահվեն»:

Տիգրան Հայրապետյանը հիշեցրեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածը, որը պատասխանատվություն է նախատեսում պատանդ վերցնելու համար, սահմանում է, որ «իր պահանջներից հրաժարված և պատանդին կամովին ազատ արձակած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում»:

«Եթե զինյալ խմբի անդամները բոլոր պատանդներին թույլատրեն ազատ հեռանալ, նշանակում է՝ այս հանցագործությունն ավարտվեց, հանցագործություն չկա, քրեական պատասխանատվության ենթակա չեն, քանի որ հոժար կամքով պատանդներին թույլատրել է հեռանալ։ Այսօր արդեն Կարո Եղնուկյանին կարող են կալանավորել, բայց վաղն այս նույն խումբը կարող է այս 4 պատանդներին ազատ արձակել: Կստացվի, որ կարո Եղնուկյանին կալանավորում են այն պարագայում, երբ այդ անձանց գործողություններում հանցակազմ չկա»,- ասաց Տիգրան Հայրապետյանը:

Փաստաբանը նշեց, որ Կարո Եղնուկյանը հայտարարել է, որ ինքն ինչ-որ առումով խանգարել է գրոհին, ինչն իշխանությունն իրեն չի ներում: «Այս ամենը հավանաբար պետք է ներկայացվի դատարանին. Կարո Եղնուկյանը նույնպիսի գործողություններ է իրականացրել, ինչ բազմաթիվ պատգամավորներ, իրավապաշտպաններ, լրագրողներ»,- եզրափակեց նա:

Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածին՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, Տիգրան Հայրապետյանն ասաց, որ այն «բոլորովին անտեղի հոդված է»:

Նրա խոսքով՝ հոդվածը սահմանում է՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը՝ զուգորդված՝ դրանք ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով, որը կատարվել է զավթածն ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով: Ըստ նրա՝ հանցակազմ առկա կլիներ, եթե զինյալ խումբ ասեր, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում շինությունը չոչնչացնեն, սակայն նման տեղեկութոյուններ չկան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031