Էրդողանը չի բացառում Թուրքիայում պետական հեղաշրջման նոր փորձի կրկնությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստովանել է, որ երկրի հետախուզության աշխատանքում թերացումներ են եղել և խոստացել է վերակազմավորել երկրի զինված ուժերը պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո: Այս մասին նա հայտարարել է Անկարայի նախագահական պալատում Reuters-ին տված հարցազրույցում:
«Միանգամայն ակնհայտ է, որ մեր հետախուզությունում եղել են լուրջ թերացումներ: Իմաստ չկա դա հերքելը կամ թաքցնելը: Ես այդ մասին հայտնել եմ ազգային հետախուզության ղեկավարին»,- ասել է Էրդողանը:
Նա նաև նշել է, որ մոտ ժամանակներս Թուրքիայում կստեղծվի նոր ռազմական կառույց՝ հասկացնելով, որ երկրի ԶՈՒ-ն կարիք ունի «թարմ արյան», այսինքն՝ նոր կադրերի:
Էրդողանի խոսքով՝ հեղաշրջման փորձը պետք է դաս լինի երկրի զինված ուժերի համար:
«Մենք չենք կարող ննջել դափնիների վրա»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Նա չի բացառել, որ երկրում կարող է պետական հեղաշրջման նոր փորձ ձեռնարկվել՝ ընդգծելով, որ դա իրականացնելը հեշտ չի լինի: «Մենք ավելի արթմնի ենք դարձել»,- ասել է Էրդողանը:
Էրդողանի ներկայացրած տվյալներով՝ պետական հեղաշրջման փորձի հետևանքով սպանվել է 246 մարդ, չհաշված հեղաշրջման կողմնակիցներին, 2185 մարդ վիրավորվել է:
Կալանավորվել է 4060 մարդ, որից 103-ը՝ գեներալներ: Ձերբակալվել էր 10,4 հազար մարդ: