Բաժիններ՝

«Սիրուց հերիք է խոսեն. իշխանությունը պետք է խոսի արդարությունից, ոչ թե սիրուց». Լիլիթ Պիպոյան

«Իմ կարծիքով՝ այս տղաները շատ հայրենասեր են: Դեռ 90-ական թթ., երբ ես Մարտունու շրջկենտրոնում Մոնթեի քանդակի վրա աշխատում էի, այդ նույն տղաները միշտ գալիս՝ ինձ ոգևորում էին, խրախուսում էին, մեր կողքին «Գրադ» էր պայթում: Ուզում եմ ասել՝ նրանք էլ են խաղաղություն, ազատություն ուզում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց քանդակագործ Լևոն Թոքմանջյանը՝ հավելելով, որ ամենալավ բանաձևը Սէֆիլյանին ազատ արձակելը կլինի. «Ինչո՞ւ բռնեցին Սէֆիլյանին, ի՞նչ էր արել այդ տղան: Մի հատ ատրճանակ ուներ, այն էլ իրենք էին տվել՝ որպես գնդի հրամանատար»:

Ըստ նրա՝ ընտրություններով կամ բանակցություններով մեր երկրում հարց չի լուծվում.

«Դուք կարծում եք՝ այս տղաներին շատ հաճելի՞ էր: Դա հոգու ճիչ էր. ո՞նց անեն, որ իրենց ձայնը լսելի լինի»:

Երգչուհի Լիլիթ Պիպոյանն էլ ընդգծեց՝ տղաներն իրենց կյանքի գնով են հարց բարձրացրել.

«Բոլորս էլ հասկանում ենք՝ ինչ լուծում էլ լինի, իրենք զոհ են գնալու: Իրենք մահապարտի նման նստել են այնտեղ, հարց են բարձրացրել: Այս հարցը պիտի լսվի՞, թե՞ ոչ: Իմ կարծիքով՝ ոչ մի սարսափելի բան չի լինի և մեր իշխանության վարկանիշը ոչ թե կիջնի, այլ կբարձրանա նրանով, որ բանակցություններով որոշ զիջումների գնան և գոնե քաղբանտարկյալներին ազատեն»:

Անդրադառնալով Շարմազանովի ելույթին՝ նշեց.

«Ծայրից ծայր փարիսեցիություն է: Բոլոր միջոցները ձեռնարկելը ո՞րն է: Հետո էլ ասում է՝ մենք ապավինում ենք Աստծուն, և կոչ ենք անում, որ լինի սեր և հանդուրժողականություն: Սիրուց հերիք է խոսեն. իշխանությունը պետք է խոսի արդարությունից, ոչ թե սիրուց: Աստծուն ապավինել պետք չէ, որովհետև մենք ենք ապավինում Աստծուն, որպեսզի արյունահեղություն չլինի: Ոչ ոք չի ուզում արյունահեղություն, մահեր, բայց վերջապես ինչ-որ լուծում պե՞տք է լինի»:

Երգչուհին նկատեց՝ հասկանալի է, որ նախագահն այնքան ամուր է նստած, որ հրաժարական չի տա, բայց ըստ նրա՝ գոնե Սէֆիլյանին ազատ արձակելու պահանջը պետք է կատարվի: Ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է շարունակել այսպես ապրել, թե՞ ոչ: Պետք է հանգուցալուծում լինի: Ոչ թե հասնեն նրան, որ նրանք այնտեղ սովամահ լինեն, մեռնեն կամ հանձնվեն, այլ հանգուցալուծում լինի: Իշխանությունը պետք է որոշակի զիջումների գնա ու պահանջներից գոնե մեկը կատարի»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս