Պաշտոնատար անձի անփութության հետևանքով կալանավորի՝ շուրջ 900 հազ. ՀՀ դրամ արժողությամբ գույքը հափշտակվել է. վերջինիս մեղադրանք է առաջադրվել
ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Դ. Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում նույն քրեակատարողական հիմնարկի պատասխանատու ծառայող Էմիլ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական անփութություն կատարելու համար:
Կատարված օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննության արդյունքում պարզվել է, որ հիշյալ քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների կողմից կատարվել է ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրյալ, կալանավոր Դ. Ս.-ի անձնական խուզարկությունը, որի մասին պատասխանատու-հերթապահ Էմիլ Ս.-ն կազմել է արձանագրություն: Ըստ կազմված արձանագրության՝ խուզարկությամբ Դ. Ս.-ի մոտից հայտնաբերվել է ընդհանուր 896 հազ. ՀՀ դրամ արժողությամբ գույք և գումար:
Քննությամբ հիմնավորվել է, որ Էմիլ Ս.-ն պատշաճ կարգով չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Վերջինս կալանավորի մոտից հայտնաբերված թանկարժեք ժամացույցն ու մատանին սահմանված կարգով չի պահպանել քրեակատարողական հիմնարկի հերթապահ մասում տեղադրված չհրկիզվող մետաղյա պահարանում, իսկ կանխիկ գումարը չի փոխանցել կալանավորի անձնական հաշվին: Ավելին՝ քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պատասխանատու-հերթապահ Էմիլ Ս.-ն այդ ուղղությամբ որևէ գործողություն չի կատարել, այլ հայտնաբերվածը ծրարավորված վիճակում դրել է հիշյալ հիմնարկի սենյակում, թողել է առանց հսկողության, որն էլ հետագայում հափշտակվել է:
Արդյունքում՝ Էմիլ Ս.-ի՝ ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ էական վնաս է պատճառվել կալանքի տակ գտնվող Դ. Ս.-ի իրավունքներին ու օրինական շահերին: Վերջինս զրկվել է իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքն ու գումարը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու հնարավորությունից:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: