Արսեն Խոջայանի նկատմամբ փորձաքննություն է նշանակվել

Տավուշի մարզում 17-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող, ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջայանի նկատմամբ նշանակվել է համալիր դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննություն: Այս մասին 168.am-ին հայտնեց նրա պաշտպան Աննա Մեժլումյանը` նշելով, որ փորձաքննության կատարման համար նա տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություն:

Փաստաբանն ասաց, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ այլ տվյալներ չի կարող հայտնել: ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ դեպքի օրը՝ 2016թ. հունիսի 24-ին, անչափահաս աղջիկը Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Ա.Խոջայանի հետ տաքսի ավտոմեքենայով Բերդ քաղաքից ուղևորվել է Վերին Կարմիրաղբյուր գյուղ:

Գյուղ չհասած՝ ճանապարհին, իջել են ավտոմեքենայից և միասին շարունակել ոտքով գնալ դեպի գյուղ. նախնական տվյալներով՝ երիտասարդը մինչ այդ օգտագործել էր ալկոհոլ և սթափվելու նպատակով ցանկացել է քայլել։

Քննությամբ պարզվել է, որ ճանապարհին նրանց միջև անձնական հարցերի շուրջ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ Ա. Խոջայանը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել աղջկան՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Ա. Խոջայանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝սպանություն: Դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը և կալանավորել նրան:

Տեսանյութեր

Լրահոս