«Ես չեմ պատկերացնում այն մարդուն, որ կարող է իմ դիմաց կանգնել ու ինձ սպառնալ». Նիկոլ Փաշինյան

Սցենարի իմաստը, ըստ էության, հավաքը, քաղաքացիների կամարտահայտությունը բարոյապես կոտրելն է եղել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով երեկ երեկոյան Խորենացի փողոցում տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Նա դատապարտեց խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունը՝ բերման ենթարկվելու կոնտեքստում: «Կարծում եմ, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունները, մանավանդ՝ բերման ենթարկելու ճանապարհին՝ չի համապատասխանում մեր երկրի շահերին»,- ասաց նա:

Խոսելով իր և «Սասնա ծռեր» խմբավորման առնչությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ձևակերպումներ կան, թե փորձել է ներկայանալ կամ բանակցել նրանց անունից, սակայն ինքն ասել է, որ բանակցությունների մեջ որևէ ներգրավվածություն չունի:

«Ինչպես գիտեք, բանակցում են «Սասնա ծռերի» ներկայացուցիչները, ենթադրում եմ՝ իշխանության ներկայացուցիչների հետ: Ես բազմիցս ասել եմ, որ որևէ տեղեկատվություն չունեմ դրանց ընթացքի և բովանդակության վերաբերյալ»,- ասաց նա՝ նշելով, որ «Սասնա ծռերի» հետ կապված՝ իր կողմից չկա որևէ գործողություն, որ իրականացրած լինի առանց նրանց հետ համաձայնեցնելու՝ սկսած տեսանյութերի նկարահանումից և հրապարակումից:

Նա նշեց, որ ձերբակալվելու օրն իրեն զանգել է Կարո Եղնուկյանը՝ ասելով, որ սննդի հետ կապված խնդիր կա, և լավ կլինի, որ ինքը զբաղվի այդ հարցով: Իր հարցին ի պատասխան՝ նա ասել է, որ «Սասնա ծռերը» կիսում են իր տեսակետը, ինչից հետո ինքը զանգել է Վարուժան Ավետիսյանին, իր գործողությունները ճշտել նրանց հետ, ստացել դրական պատասխան, հարցը քննարկել Ոստիկանության Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ որևէ մեկը չի կարող ասել, որ ինքը փորձել է ներկայացնել «Սասնա ծռերին», իր գործողությունները համապատասխանել են այն քաղաքական ծրագրին և ռազմավարությանը, որ իրենք հրապարակել են:

«Եթե մարդիկ գտնում են, որ իմ ներկայությունը վնասում է իշխանափոխության հաջող ծրագրի իրականացմանը, ուրեմն սրանից հետո ես Խորենացի փողոցում կլինեմ այն դեպքում և այն ժամանակ, երբ ցուցարարները դրա անհրաժեշտությունը գտնեն, և ես էլ տեսնեմ, որ այնտեղ անելիք կա՝ մեր հռչակած քաղաքական ծրագրերի շրջանակներում: Հակառակ դեպքում՝ այնտեղ երեկվա իրադարձություններից և դրան հաջորդած մեկնաբանություններից հետո ես, կոնկրետ ինձ համար, մեզ համար անելիք չեմ տեսնում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ երեկ Խորենացի փողոցում հայտնվել էին կասկածելի մարդիկ, և հարց է՝ նույն «Հիմնադիր խորհրդարանը» և «Սասնա ծռերը» դատապարտո՞ւմ են այդ փաստը, թե՞ ոչ:

Նա նշեց, որ երեկ էլ հայտարարել է՝ այնտեղ, որտեղ «տոն են տալիս հարբած մարդիկ կամ այլ բաներ օգտագործած և այլ հակումներով մարդիկ», ինքն անելիք չի տեսնում.

«Ես կարող եմ շատ հեշտությամբ նրանց սաստել, բայց եթե նրանց սաստելու և չեզոքացնելու փորձերը կամ մղումը պիտի բերի այլ մեկնաբանությունների, ուրեմն ես այնտեղ չեմ կարող անելիք ունենալ: Սա է խնդիրը: Մենք քաղաքական, քաղաքացիական, քաղաքակիրթ, հետևողական և սկզբունքային պայքարի կողմնակից ենք: Ես չեմ կարող թույլ տալ, որ իմ կողքին մարդիկ կանգնեն, ովքեր ընդհանրապես կասկածելի վարքի տեր են և կասկածելի նպատակներով են այնտեղ գտնվել»: Նա կրկնեց, որ պետք է անեն ամեն ինչ, որպեսզի քաղաքացիներ չզոհվեն:

Դիտարկմանը, որ մամուլում այսօր հրապարակում է եղել այն մասին, որ իրեն սպառնացել են, զգուշացրել կյանքին վերաբերող սպառնալիքի մասին, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ իրեն ոչ ոք չի սպառնացել:

«Ինձ ընդհանրապես շատ դժվար է սպառնալ: Ես չեմ պատկերացնում այն մարդուն, որ կարող է իմ դիմաց կանգնել ու ինձ սպառնալ: Ինձ ասացին՝ Նարեկ Մալյանը, որը Ոստիկանության պետի նախկի՞ն, թե՞ ներկա խորհրդականն է, գրել է, որ ծրագիր կա ինձ սպանելու կամ չգիտեմ՝ ինչ անելու: Դա հրապարակային հայտարարություն է: Չգիտեմ՝ ինքը հիմա որտեղ է աշխատում՝ Ոստիկանությունում աշխատո՞ւմ է, թե՞ ոչ: Անկախ նրանից՝ որտեղ է աշխատում՝ դա հրապարակային հայտարարություն է, և ես հանդիսանում եմ պետական բարձրաստիճան պաշտոնյա, իմ անվտանգությունն ապահովելու համար գոյություն ունի ԱԱԾ, թող ԱԱԾ-ն այդ մարդուն հրավիրի, հարցաքննի, տեսնի՝ ինչ տեղեկություն է, զբաղվի: Կրկնում եմ՝ ես շատ դժվար եմ պատկերացնում այն մարդուն, ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ կերպար ինքը պիտի ունենա, որ կարողանա ինձ սպառնալ»:

Տեսանյութեր

Լրահոս