Ժիրայր Սէֆիլյանի առաջարկած երրորդ տարբերակը բանակցությունների ժամանակ չի քննարկվում

168.am-ի զրուցակիցն է ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի շենքը գրաված «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության և «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը:

– ԱԱԾ ներկայացուցիչների հետ ձեր բանակցություններն ի՞նչ փուլում են:

– Իրենք ընդունել են ի գիտություն մեր վերջին առաջարկությունը: Բանակցություններն ընդհատելու վերաբերյալ երկու կողմից որևէ խոսք չի եղել, նշանակում է՝ բանակցությունները շարունակվում են:

– Ձեր պատկերացմամբ՝ առաջիկայում կարելի՞ է ակնկալել այս խնդրի հանգուցալուծումը:

– Խնդրի հանգուցալուծումը մեզ համար տեսնում ենք ժողովրդական ընդվզմամբ, Սերժ Սարգսյանի հրաժարականի պարտադրանքի և ժողովրդի վստահության կառավարություն ստեղծելու միջոցով, իսկ թե ուրիշներն ի՞նչ են մտածում, ի՞նչ չեն մտածում՝ դա իրենց գործն է, մենք դա պատկերացնելով ենք բանակցում, իրենք էլ ուրիշ բան են պատկերացնում: Մենք համոզված ենք, որ ռեժիմը, ի վերջո, ենթարկվելու է ժողովրդի կամքին՝ այս կամ այն կերպ, տա Աստված, որ ողջամտություն ցուցաբերի ու երեկվա ջարդ ու կոտորածի նման այլ քայլեր չկատարի, հակառակ պարագայում, քարերով ապստամբության փոխարեն՝ կստանան զինված ապստամբություն, և բոլորին կսատկացնենք:

– Ժիրայր Սէֆիլյանի առաջարկած երրորդ տարբերակը, որն այնքան էլ չէր առնչվում ձեր ներկայացրած պահանջներին, չի՞ քննարկվում բանակցությունների ժամանակ:

– Ոչ, այդ տարբերակն ԱԱԾ-ի հետ մյուս բանակցությունների ձևաչափով է քննարկվում, բայց դեռ բուն տարբերակին չեն հասել, այսինքն՝ դեռ ընթացակարգային հարցերն են քննարկվում, եթե դրանք լուծվեն՝ այդ ժամանակ նոր բովանդակային քննարկում կգնա, եթե այդպես լինի, դա նոր կլինի հիմնական տարբերակ, բայց դեռ նման բան չկա: Ես ներքին համոզմունք ունեմ, որ, կարծես թե, դրա կարիքը մոտ ապագայում այլ է լինելու:

Ձեզ մոտ իրավիճակն ինչպիսի՞ն է, սննդի հետ կապված խնդիրը վերջնական լուծում ստացա՞վ:

– Չէ, մի անգամ պահածո են բերում եղած մարդկանց քանակությունից ավելի քիչ քանակությունով, ջուր են բերում, ծխախոտ են բերում՝ կիսատ-պռատ:

Տեսանյութեր

Լրահոս