ԱՄՆ-ն շարունակելու է ջանքերը` ուղղված ԼՂ հիմնահարցի բացառապես բանակցային ճանապարհով լուծմանը. Ջիմ Կոստա
Հուլիսի 21-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային:
Այս մասին տեղեկանում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել հայ-ամերիկյան բարեկամական գործընկերությունը, այն զարգացնելու ուղղությամբ համատեղ ձեռնարկվող ջանքերը։ Այդ առումով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջև հաստատված ակտիվ համագործակցությունը։ Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն հայտնել է Ջիմ Կոստային` Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ջանքերի համար։
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ կոնգրեսմեն Կոստան նշել է, որ, տարիներ ի վեր ԱՄՆ Կոնգրեսում հետամուտ լինելով Հայաստանի և հայ ժողովրդի համար կարևոր նշանակություն ունեցող հարցերին, ուրախ է Հայաստան այցելելու և առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու և տարածաշրջանային խնդիրների ու դրանց լուծման ուղիների շուրջ մտքեր փոխանակելու հնարավորության համար։
Հանդիպմանը քննարկվել է հայ-ամերիկյան փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Նախարար Նալբանդյանն ու կոնգրեսական Կոստան մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Էդվարդ Նալբանդյանը Ջիմ Կոստային ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման, ս.թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքների հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Ջիմ Կոստան նշել է, որ ԱՄՆ-ն` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, շարունակելու է ջանքերը` ուղղված հիմնահարցի բացառապես բանակցային ճանապարհով լուծմանը: