«Մենք մեր դիրքորոշումը ներկայացրել ենք, ուրիշ դիրքորոշում մենք չունենք». Վարուժան Ավետիսյանը՝ Վիտալի Բալասանյանի հետ հանդիպման մասին
Ինչպես հայտնի է՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն Արցախի թեմի հոգևոր առաջնորդ Պարգև Սրբազանի հետ այցելել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շենք՝ բանակցելու «Սասնա ծռեր» խմբի հետ:
168.am-ի հետ զրույցում խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը նշեց, որ Վ. Բալասանյանը ներկայացրել է իր նկատառումները՝ ձևավորված իրավիճակը հանգուցալուծելու վերաբերյալ, խումբն էլ ներկայացրել է իր անփոփոխ սկզբունքային դիրքորոշումը՝ «Սերժ Սարգսյանի հրաժարականը և ժողովրդի վստահության կառավարության ձևավորումը, նաև քաղբանտարկյալների ազատ արձակումը, բայց դա արդեն ածանցյալ է»:
«Տարբեր հարցերով զրուցեցինք, մեր նկատառումները նա նշեց, մեր դիրքորոշումը ֆիքսեց, բոլոր առաջարկությունների ուղղությունները գրի առավ և գնաց՝ ասելով, որ ընթացքում էլի կգա՝ համապատասխան հարցերը քննարկելու համար: Ավելի մանրամասն, եթե ինքը կուզենա իր ներկայացրած առաջարկությունները հասարակությանը ներկայացնել՝ խնդրեմ»,- նշեց մեր զրուցակիցը:
Մեր հարցին՝ Վ. Բալասանյանի ներկայացրած առաջարկությունները Ձեզ համար որքանո՞վ են ընդունելի, Վ. Ավետիսյանը պատասխանեց, որ իրենք չեն ուզում մեկնաբանել.
«Մենք մեր դիրքորոշումը ներկայացրել ենք, ուրիշ դիրքորոշում մենք չունենք»: