Բաժիններ՝

«Մեր ոստիկանները 80 հազար դրամ աշխատավարձի համար մնում են համակարգում ու իրենց քաղաքացիներին բռնության են ենթարկում». Արմեն Մարտիրոսյանը՝ ոստիկանների մասին

«Հենց այն պահին, երբ տեղի է ունեցել երեկվա գործողությունների առաջին սերիան, ես այդտեղ չէի, շրջանից նորից էի վերադարձել Երևան: Քույրս, եղբայրս և մայրս էին այդտեղ, և իրենց խոսքերով, որն ինձ համար, բնականաբար, 100 տոկոսանոց արժանահավատություն է պարունակում, քաղաքացիները հանգիստ կանգնած են եղել, երբ նրանց միջից կարծես մեկ հրամանով սկսել են պլաստիկե շշեր ու իրեր նետել ոստիկանների ուղղությամբ, հետո քարեր են նետել, որին ոստիկանները քարերով պատասխանել են՝ այդ քարերը վերցրել, նորից շպրտել են, որի իրավունքը չունեն նրանք:

Եթե քաղաքացիները նման բան են անում, ու դա հանցագործություն կամ վարչական խախտում է, ապա ոստիկանը պետք է կասեցնի նման գործողությունները, եթե չի կարողանում կասեցնել, հատուկ միջոցներ կիրառելու իրավունք ունի, բայց ոչ՝ քարը վերցնի, քարով խփի,- 168.am-ի հետ զրույցում երեկվա գործողություններին նման գնահատական տվեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ հատուկ միջոցներն էլ օրենքով սահմանված են,- Քարը դրանց մեջ չի մտնում»:

Այսինքն, ըստ նրա՝ ապօրինությունները՝ նաև Ոստիկանության կողմից, ակնհայտ են.

«Ակնհայտ է նաև այն հանգամանքը, որ սադրիչները բացառապես իշխանության կողմից էին ուղարկված, որովհետև մարդիկ շատ հանգիստ իրենց աջակցությունն էին հայտնում ապստամբներին, և պրովոկացիայի չեն դիմել: Սա նախապես պլանավորված է եղել, որ ցրեն այդ հավաքը: Հետո նորից վերադարձան քաղաքացիները, ու սադրիչները նորից ակտիվացան: Դեմքերին նայում՝ հասկանում ես, որ այդ մարդը բացարձակ կապ չունի հավաքի հետ:

Եվ, ի վերջո, իշխանություններն իրենց ծրագիրն իրականացրին: Ընդ որում, երբ նայում էի կադրերը, ակնհայտ երևում էր, որ Ոստիկանությունը նորից հակաօրինական գործողություններ է իրականացնում: Ընդհանրապես, այս օրերի ընթացքում Ոստիկանությունը ոչ թե օրինականությունն է պահպանում, այլ՝ անօրինականությունը:

Կադրերում տեսնում ենք, որ նույնիսկ մարդու ոտքն ու ձեռքը բռնած՝ տակից, հետևից ոտքով հարվածում են, դա ուղղակի սադիզմ է: Ինչպե՞ս են կարողանում այդ սադիստական դրսևորումներն 80 հազար դրամ աշխատավարձի համար ցույց տալ: Երևի շատ դառը մանկություն են ունեցել: Ես միանշանակ կասեմ՝ Հայաստանին այսպիսի ոստիկաններ պետք չեն: Իրենք իսկապես ահաբեկիչներ են, անմարդկային, դաժան վերաբերմունք ցույց տվող անձինք են»:

Մեր զրուցակիցը բացասական է գնահատում նաև այն հանգամանքը, որ «իշխանությունների կամ մի խումբ մարդկանց գերթալանի համար» ոստիկաններն ու քաղաքացիներն անընդհատ բախումների են գնում.

«Ցավոք սրտի, ոստիկանական համակարգում աշխատող մեր քաղաքացիները 80 հազար դրամ աշխատավարձի համար մնում են համակարգում ու իրենց քաղաքացիներին բռնության են ենթարկում՝ կատարելով իշխանությունների ապօրինի հրամանները: Ոստիկանները, եթե վաղը-մյուս օրը համակարգից դուրս գան ու հանկարծ փողոցում հանդիպեն այն մարդուն, որի դեմ ապօրինություն են կիրառել, ո՞նց են նրա աչքերին նայելու, կամ, եթե այդ մարդն ինքը հանկարծ սկսի բռնություն կիրառե՞լ»:

Հարցին՝ ինչո՞վ կարող է բացատրել իշխանությունների լռությունը, նա պատասխանեց.

«Ասելիք չունենալով, լեգիտիմ չլինելու հանգամանքով, խոսելու պարագայում՝ առավել մեծ հակակրանք առաջացնելու պահով: Իհարկե, կան մի քանի անձինք, որ ի պաշտոնե պարտավոր էին անմիջապես խոսել, նույնիսկ հրատապության ռեժիմով պետք է խոսեին՝ ներկայացնելով տվյալ պահին եղած ինֆորմացիան, ու իրենց գնահատականը տալ, բայց տեսնում ենք՝ քանի օր անցել է, ու ոչ մի բան:

Այսօր միայն Հովիկ Աբրահամյանն է խոսել, այն էլ՝ կառավարության նիստ է եղել, դրա համար է խոսել, ու, ըստ էության, ոչինչ չի ասել: Ընդամենն ասել է այն, ինչը շատ ավելի մանրամասն նշված էր ԱԱԾ հայտարարության մեջ: Երկրի ղեկավարությունը պետք է տա ոչ միայն ինֆորմացիա, որը բոլորս գիտենք, այլև գնահատականներ հնչեցնի: Դրանք չկան, ու ակնհայտ է, որ չունենալով լեգիտիմություն, հասարակության կողմից ընկալվելով՝ որպես կոռումպացված համակարգ, իրենց ասելիքը ևս մեկ անգամ պետք է հիմնավորի, որ ապստամբներն այլ ճանապարհ չունենալով՝ ոտքի են ելել, որպեսզի այս իշխանություններից ազատվեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս