Միյատովիչը Թուրքիային հորդորել է հարգել ԶԼՄների ազատության իրավունքը
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հորդորել է Թուրքիայի իշխանություններին ապահովել զանգվածային լրատվամիջոցների ու լրագրողների անվտանգությունը:
«Ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունները պետք է պաշտպանվեն, սակայն նրանք էլ իրենց հերթին պետք է պաշտպանեն մամուլի ազատությունն ու աջակցեն ժողովրդավարության ամրապնդման հարցում լրագրողների ունեցած դերակատարությանը:
Ամբողջությամբ գիտակցելով, թե ինչ դժվարին ժամանակներ է ապրում Թուրքիան, այդուհանդերձ տեղական իշխանությունները պետք է ապահովեն մեդիայի ազատությունը` հավատարիմ իրենց միջազգային հանձնառությունների», նշել է Միյատովիչը:
Անդրադառնալով այն փաստին, որ Թուրքիայի ռադիո և հեռուստաընկերությունների բարձրագույն խորհրդի որոշմամբ փակվել է գյուլենականներին հարող շուրջ 25 հեռուստաընկերություն և ռադիո` Միյատովիչն ասել է.
«Օգտագործելով իմ մանդատի ողջ ուժը` ես կոչ եմ անում Թուրքիայի իշխանություններին ապահովել բազմակարծությունը, տեսակետների բազմազանությունն ու հարգել լրագրողների անվտանգության իրավունքը` հավելելով, որ Թուրքիայում մեդիայի ազատության խնդրի հետ կապված իր գրասենյակը բազմաթիվ դիմումներ է ստացել նախորդ տարիներին: