Պահանջում ենք, որ Ոստիկանությունը առնվազն ապահովի բերման ենթարկվածների գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը նրանց հարազատներին
Հուլիսի 21-ի լուսադեմին Երևան քաղաքի Խորենացի փողոցից ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել ընդհանուր առմամբ 136 քաղաքացի: Այդ մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:
Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ բերման ենթարկվածների մի մասը ազատ է արձակվել, մյուս մասը բերման ենթարկվածի կարգավիճակով շարունակում է գտնվել ոստիկանության բաժիններում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել բերման ենթարկված Տարոն Հարությունյանի հայրը՝ որդու գտնվելու վայրի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով: Կազմակերպությունը կարողացավ ստանալ տեղեկություն դրա վերաբերյալ և փոխանցեց այն Տ. Հարությունյանի հարազատներին:
Սակայն բերման ենթարկվածների մեծ մասի հարազատները տեղեկություն չունեն նրանց գտնվելու վայրի և կարգավիճակի մասին: Պահանջում ենք, որ Ոստիկանությունը առնվազն ապահովի բերման ենթարկվածների գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը նրանց հարազատներին:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ