Բաժիններ՝

Ռազմական ոստիկանությունում խորհրդակցություն է անցկացվել

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 20-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՊՆ ՌՈ վարչությունում, որի ընթացքում ռազմական ոստիկանության ղեկավար կազմի հետ ամփոփվել են 2016 թ. առաջին կիսամյակում ՌՈ համակարգի կատարած աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

Զեկույցներով հանդես են եկել ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանը, ՊՆ ռազմական ոստիկանության շտաբի պետ, գնդապետ Արմեն Մնացականյանը, ՌՈ պետի տեղակալներ, գնդապետեր Արամ Բաղդասարյանը և Ստանիսլավ Հովհաննիսյանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել հաշվետու ժամանակահատվածում զորամասերում հանցագործությունների և պատահարների նվազեցման և այլ ուղղություններով իրականացված աշխատանքների արդյունքները: Այդ աշխատանքներ նպատակաուղղված են եղել զինված ուժերում կարգապահության ամրապնդմանը, հանցագործությունների կանխարգելմանը, կանխմանն ու բացահայտմանը, ինչպես նաև կանոնադրային հարաբերությունների վրա բացասաբար ազդող հանգամանքների ու պատճառների վերհանմանը: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև առաջիկա աշխատանքների կազմակերպման գերակա ուղղությունները: Դրանք են՝ զորամասերում միջանձնային կանոնադրային հարաբերությունների պահպանումը, զորամասերում արատավոր բարքերի ներթափանցման կանխումը, հանցագործությունների դեմ պայքարը, կանխարգելիչ ու դաստիարակչական նախաձեռնությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքները:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանը, ներկայացնելով 2016 թ. առաջին կիսամյակի ընթացքում ռազմական ոստիկանության կատարած աշխատանքի արդյունքները՝ մատնանշել է դրական ձեռքբերումներն ու առկա թերությունների վերացման ուղիները: Սամվել Ղուկասյանը շեշտել է, որ լուրջ աշխատանքներ են տարվել զորակոչի թափանցիկության ապահովման ուղղությամբ: Ռազմավարական մարտավարության, օպերատիվ միջոցառումների և ռազմական

ոստիկանության գործունեության ոլորտում առաջավոր երկրների փորձի ներդրման շնորհիվ նվազել են ծանր հանցագործություններն ու խախտումները, կոռուպցիոն ռիսկեր պարունակող դեպքերը, ամրապնդվել է բարեվարքության կանոնները:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է զորամասերի հրամանատարության հետ շարունակական աշխատանքը, քանի որ զինվորական կարգապահության որակական առաջընթաց կարելի է ապահովել միայն այն դեպքում, երբ հրամանատարների հետ համատեղ աշխատանքների արդյունքում զինծառայողների համար ստեղծվի ծառայողական առողջ մթնոլորտ:

ՌՈ հետագա գործունեությունն ու հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու նպատակով Սեյրան Օհանյանը տվել է համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս