Ռուսաստանը նախազգուշացրել էր Էրդողանին հեղաշրջման մասին. ԶԼՄ-ներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախազգուշացվել էր ՌԴ ՊՆ-ի կողմից Թուրքիայում հեղաշրջման փորձն սկսվելուց մի քանի ժամ առաջ: Այս մասին հայտնում է իրանական Fars գործակալությունը՝ հղում կատարելով արաբական ԶԼՄ-ներին:
Անկարայում դիվանագիտական աղբյուրների տվյալով՝ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը հեղաշրջման նախապատրաստման մասին իմացել է ռուս զինվորականներից:
Նրանք իբր լսել են ռազմական հեղաշրջման մասնակիցների բանակցությունները: Նշվում է, որ բանակցությունների ժամանակ հրաման է արձակվել մի քանի ռազմական ուղղաթիռ ուղարկել Մարմարիս՝ Էրդողանի հյուրանոց՝ նպատակ ունենալով նրան կալանավորել կամ ոչնչացնել: Թե ինչպես է ռուս զինվորականներին հաջողվել լսել բանակցությունները, չի նշվում:
Ենթադրվում է, որ դա կարող էին անել Սիրիայի «Խմեյմիմ» բազայում, որտեղ կան համապատասխան սարքավորումներ:
Անկարայում բարձրաստիճան պաշտոնյաները հաստատել են, որ ազգային հետախուզությունը իրենց տեղեկացրել է ռազմական հեղաշրջման մասին դրա սկսվելուց մոտ 5 ժամ առաջ: