Շվեդիայում ավտոբուսի վարորդը ծեծել է սիրիացի փախստականին
Շվեդիայում ավտոբուսի վարորդը հարձակվել է ուղևորի՝ սիրիացի փախստականի վրա՝ «ատում եմ ձեզ, անիծյալ խոզեր» բղավելով, հայտնում է The Local-ը:
Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան՝ Nobina ընկերության ավտոբոսում, որն ուղևորվում էր շվեդական Էլանդ կղզու Բորգհոլմ քաղաք։
Տուժած սիրիացին, որը հույս ունի ապաստան ստանալ Շվեդիայում, թերթին տված հարցազրույցում պատմել է տեղի ունեցածի մանրամասները:
Նրա խոսքով՝ երբ ավտոբուսը մոտեցել է, մեկ այլ փախստական աֆղանցու ներս են թողել, իսկ երբ ինքն է փորձել մտնել, վարորդը դուռը փակել է։ Տեղի բնակիչներից մեկը վերջինիս մեքենայով հասցրել է հաջորդ կանգառ, որտեղ փախստականը նստել է նույն այդ ավտոբուսը։
Տուժածի խոսքով՝ այդ վարորդը ավելի վաղ ևս չի ցանկացել փախստականների տեղափոխել, այդ իսկ պատճառով էլ ինքը որոշել է նրան լուսանկարել՝ իշխանություններին նրա վարքագծի մասին պատմելու նպատակով:
Հաջորդ կանգառում զայրացած վարորդը փորձել է լուսանկարել փախստականին, այնուհետ մի քանի անգամ նրան հարվածել է: Դեպքը տեսագրել է հարևան շարքում նստած ուղևորներից մեկը:
Փախստականի խոսքով՝ ինքը ցնցված է նման վերաբերմունքից: «Ես հեռացել եմ Սիրիայից չծեծվելու կամ չսպանվելու համար, իսկ հիմա ինձ ծեծում են Շվեդիայում: Ես շոկի մեջ եմ»,- հավելել է նա:
Nobina-ի ներկայացուցիչը հավաստիացրել է The Local-ին, որ վարորդը հեռացվել է աշխատանքից: