Ժիրայր Սէֆիլյանի առաջարկած երրորդ տարբերակը չի վերաբերվում խորհրդարանական արտահերթ ընտրություններին
Մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե «Հիմնադիր խորհրդարանի», «Սասնա ծռեր» զինված խմբի, ԱԱԾ-ի ներկայացուցիչների և Ժիրայր Սէֆիլյանի միջև ընթացող բանակցությունների ընթացքում Սէֆիլյանի կողմից առաջրկված երրորդ տարբերակը վերաբերվում է խորհրդարանական արտահերթ ընտրություններին, չեն համապատասխանում իրականությանը: Շրջանառվող այդ տեղեկությունները 168.am-ի հետ զրույցում հերքեց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, ով լայնորեն ընդգրկված է այդ բանակցություններում:
«Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,-ասաց մեր զրուցակիցը՝ կրկին չմանրամասնելով, թե Ժ. Սէֆիլյանի առաջարկած երրորդ տարբերակը ինչի՞ն է վերաբերվում:
Մեր հարցին, թե ամեն երեկո քաղաքացիների կողմից Էրեբունի վարչական շրջանում գտնվող Պահակա-պարեկային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքի մոտ բողոքի ակցիաների իրականացումը և բանակցությունների ընթացքի վերաբերյալ ինֆորմացիայի այս բացակայությունը չե՞ն խոսում այն մասին, որ իրավիճակը փակուղի է մտել՝ Ա. Ենիգոմշյանն այսպես պատասխանեց.
«Այն, ինչ տեղի է ունենում Խորենացի փողոցում, ժողովրդի ազատ կամքի արտահայտությունն է առ այն, որ այնտեղ հավաքվողները իրենց աջակցությունն են հայտնում «Սասնա ծռեր» խմբին, և, միաժամանակ, փորձում են կանխել ոստիկանների հարձակումը խմբի վրա: Դա բացարաձկապես կապ չունի բանակցությունների հետ»:
Հարցին՝ ինչպե՞ս է նա գնահատում բանակցային ներկայիս գործընթացը, և արդյոք հնարավո՞ր է դրական արդյունքներ ակնկալել այդ գործընթացից, Ա. Ենիգոմշյանն ի պատասխան ասաց, որ ինքը չի ցանկանում գնահատականներ տալ:
Մեր ճշտող հարցին՝ շարունակվո՞ւմ են բանակցությունները, Ա. Ենիգոմշյանն այսպես արձագանքեց. «Խզված չեն»: