TAP-ին մասնակցությունը մեզ համար առաջնային հարց է. ԱՄՆ
Տրանս-Ադրիատիկ (TAP) խողովակատարի կոնսորցիումին մասնակցությունը ԱՄՆ կառավարության համար առաջնահերթ հարց է: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, հայտարարել է ԱՄՆ պետեպարտամենտի՝ միջազգային էներգետիկայի հարցերի համակարգող ու հատուկ բանագնաց Ամոս Հոչստեյնը:
Նրա խոսքով՝ չնայած այն բանին, որ այդ նախագծում ներգրավված չեն ամերիկյան ընկերություններ, այդ հարցը կարևոր նշանակություն ունի ԱՄՆ-ի համար:
«Այդ նախագծի վրա ես ավելի շատ ժամանակ եմ ծախսել, քան ինչ-որ այլ նախագծի»,- ասել է Հոչստեյնը:
TAP-ը «Հարավային գազային միջանցքի» երրորդ բաղկացուցիչ մասն է, որը ենթադրում է ադրբեջանական գազի մատակարարում Եվրոպա:
Ադրբեջանական գազը «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատարով հասցվելու է Թուրքիա, որտեղից այն «Անդրանատոլիական» գազատարով պետք է հասցվի Հունաստանի սահման, որտեղից էլ մեկնարկում է TAP-ը:
TAP-ի բաժնետերերն են բրիտանական BP-ը (20%), ադրբեջանական SOCAR-ը (20%), Statoil-ը (20%), Fluxys-ը (19%), Enagás-ը (16%) և Axpo-ն (5%):
Սկզբնապես, TAP-ի հզորությունը կկազմի տարեկան 10 մլրդ խմ՝ մինչև 20 մլրդ խմ ծավալի ընդլայնման հնարավորությամբ: