«Իրենք ինչ մտադրություն ունեն՝ թող անեն, բայց իմ էրեխուն թող տան ինձ». զինված հարձակման խմբի մասնակցի հայր

Զինված հարձակման մասնակիցներից մի քանիսի հարազատները դիմել են իրավապահ մարմիններին՝ աջակցության խնդրանքով, նաև ցանկություն հայտնելով իրենց խոսքը հանրությանը հասցնել: Այս մասին ՀՀ ոստիկանության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց Ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների կողմից հուլիսի 17-ից գրավված ՀՀ Պահակապարեկային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքի տարածքում գտնվող տղաներից մեկի հայրը՝ Մերուժան Սողոմոնյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ Էդգար Սողոմոնյանի հայրն է, ով չի ծառայել, երբևէ իր ձեռքը զենք չի վերցրել. «Ռուսաստանից հուլիսի 13-ին եկել է: Այդ օրը պիտի տեղ գնայինք: Ինքը տանից գնաց, ու էլ չիմացանք… Իմացանք, որ ինչ-որ խառնաշփոթ է եղել, ինչ է եղել, իմացանք, որ այնտեղ է: Ու խաբար չունեմ: Խնդրում եմ Պավլիկ Մանուկյանին… թող իմ էրեխուն թողի գա»:

Նա նշեց, որ ինքն առաջին կարգի հաշմանդամ է. «Թող իրենք ինչ պալիտիկա ուզում են՝ անեն: Ես չեմ խառնվում: Իմ երեխան վաբշե պալիտիկայից հեռու է: Թող լուբոյ լրագրող էթա, մի հարց տան պալիտիկայից: Եթե իմ երեխեն պատասխանեց, ուրեմն ինքն իրենց հետ է: Նա ո՛չ «Սասնա ծռերին» է ճանաչում… Ես իրենց բան չունեմ ասելու: Իրենք ինչ մտադրություն ունեն, թող անեն, բայց իմ երեխուն թող տան ինձ: Խնդրում եմ ուղղակի Պավլիկ Մանուկյանին… իմ էրեխեն զենքին չի տիրապետում, նա չի ծառայում, աչքերը չի տեսնում: Կարող է ցանկացած լրագրող գնալ: Ու խնդրում եմ՝ էրեխուն չնեղեն, ինքը ոչ ինձ բան է ասել, ոչ էլ… ես կողքից իմացել եմ, որ ինքն այնտեղ է, խնդրել եմ, որ գտնեն իմ տղուն, խնդրել եմ՝ լրագրողների միջոցով օգնեն՝ գտնեմ, ես հիվանդ մարդ եմ, իմ տղեն ա ինձ օգնում ամեն ինչում…»,- ասում էր հայրը:

Մերուժան Սողոմոնյանը նշեց, որ Սպիտակում է ապրում: Հարցին, թե որդին ինչպե՞ս է հայտնվել ՊՊԾ գնդում, նա պատասխանց, որ իրեն ասել են՝ «Ղարաբաղի հողերը տալիս են թուրքերին, միտինգի են գնում, իսկ էդ միտինգը դարձել ա էս ձևի բաներ»:
Լրագրողները փորձում էին հարցերի միջոցով պարզել՝ արդյոք համոզվա՞ծ է, որ իր որդին այնտեղ է: Հայրը և՛ համոզված էր, և՛ միաժամանակ առաջարկում էր լրագրողների հետ գնալ ու այնտեղ պարզել այդ հանգամանքը, և զրուցել որդու և Պավլիկ Մանուկյանի հետ:

Նրա պնդմամբ՝ որդին «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին չի ճանաչում:
Իսկ եթե որդին չցանկանա՞ լքել տարածքը և որոշի մնա «Սասնա ծռեր» խմբի հետ: Ի պատասխան՝ հայրն ասաց, որ, եթե որդին ասի՝ չի ուզում դուրս գալ, մնացածն ինքը կանի: «Եթե իմ տղես կասի, որ ինձ էս վիճակում թողում ա ու չի ուզում դուրս գա՝ ես կիմանամ, որ որդի չունեմ»,- պատասխանեց նա:

Տեսանյութեր

Լրահոս