«Սարի թաղի տեսանյութը նայել եմ սիրողական մակարդակով, այնտեղ գազի հարց չեմ տեսել, տեսել եմ՝ քար նետող, հայհոյող մարդիկ». Աշոտ Ահարոնյան
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն անդրադառնալով Սարի թաղի դեպքերին ու արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե նրանց պահանջը քաղաքական չէր, այլ կոմունալ խնդիրների մասին էին բարձրաձայնում (զրկված են գազից, ջրից, հոսանքից), ասաց. «Սարի թաղի տեսանյութը նայել եմ սիրողական մակարդակով, այնտեղ գազի հարց չեմ տեսել, տեսել եմ՝ քար նետող մարդիկ, բայց ձեռնպահ կմնամ այդ դեպքի մասին խոսելուց, որովհետև գործը Քննչական կոմիտեի վարույթում է: Ես առաջին անգամ ձեզնից եմ լսում կենցաղային պահանջների մասին. հանրությունը տեսանյութը տեսել է՝ այնտեղ գազի, ջրի, համայնքի, համատիրության վճարի մասին խոսք չկար: Այնտեղ կային հայհոյանք, նետվող քարեր, ոստիկաններ ու քաղաքացիական անձինք»:
Էրեբունու ՊՊԾ տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավել Մանուկյանն այսօր լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում խոսելով իրենց մոտ պահվող պատանդ ոստիկանների մասին՝ ասել էր. «Մեզ երեկ ԱԱԾ-ից առաջարկեցին պատանդներից մեկին բաց թողնել՝ գնդապետի հոգեհանգստի հետ կապված, մենք էլ ասացինք՝ եթե տենց մտահոգ եք՝ չորսին էլ բաց ենք թողնում, դուք Գասպարյան Վովային բերեք ստեղ… ա՛յ դա պատանդ կլիներ»:
Այսօր լրագրողներից մեկի հարցին՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ 4 պատանդին փոխելու՝ Պավել Մանուկյանի պահանջը քննարկվո՞ւմ է Ոստիկանությունում, նա պատասխանեց. «Ես նման հարցերի չեմ պատասխանում»:
Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ բերման ենթարկվածներին թույլ չեն տալիս տեսակցել փաստաբանի հետ, նա այսպես պատասխանեց.
«Քանի որ ընդհանրական դժվար է պատասխանել, ձեր հարցի դեպքում կոնկրետ անձի կոնկրետ խախտված իրավունքի մասին է պետք խոսել: Մեր քաղաքացիներն իրազեկված են և ունեն օրենքով վերապահված բոլոր հնարավորությունները՝ բողոքարկել, բողոքել, հայտարարություն տալ տվյալ պաշտոնյայի ոչ պատշաճ գործողության համար»:
Խուսափելով լրագրողների մյուս հարցերից՝ նորից կոչ արեց չստուգված լրատվություն չմատուցել, և նշեց, որ ՀՀ առաջին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը մամուլի ասուլիսի ընթացքում կպատասխանի լրագրողների հարցերին: