Բաժիններ՝

«Այդ տղաները նոր պատասխանեցին երկու լրագրողի հարցերին և գնացին դիրքեր. սա զորամաս է, և մենք գտնվում ենք արտակարգ իրավիճակում». Պավել Մանուկյանը՝ խմբի անդամներ Էդգար Սողոմոնյանի և Գառնիկ Հովակիմյանի մասին

168.am-ի զրուցակիցն է ՀՀ ոստիկանության պարեկապահակակետային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանը:

– Քիչ առաջ ձեզ մոտ գտնվող Էդգար Սողոմոնյանի և Գառնիկ Հովակիմյանի ծնողներն ասուլիսով հանդես եկան՝ ասելով, որ իրենց զավակները կապ չունեն քաղաքականության հետ, և իրենց հայտնի չէ, թե ինչպես են նրանք ձեր շարքերում հայտնվել: Ի՞նչ կարող եք ասել այս ամենի վերաբերյալ:

– Այդ երիտասարդները նոր պատասխանեցին երկու լրագրողի հարցերին և գնացին դիրքերը, սա զորամաս է, և մենք գտնվում ենք արտակարգ իրավիճակում, ամեն վայրկյան ես չեմ կարող այդ տղաներին կանչեմ, որ իրենք ձեզ պատասխան տան: Նրանք լրագրողներին պատասխանել են, որ իրենք գիտակցաբար են գնացել այս քայլին՝ երկիրը փրկելու համար, կամավոր, և գնալու են մինչև վերջ: Սա է եղել տղաների պատասխանը:

– Խոսքը վերաբերում է և՛ Էդգար Սողոմոնյանին, և՛ Գառնիկ Հովակիմյանի՞ն:

– Այո:

– Լրատվամիջոցներից մեկին Դուք ասել էիք, որ Էդգար Սողոմոնյանը ձեզ հետ չէ:

– Ապուշություն են դուրս տվել, ես ասել եմ՝ չգիտեմ, ես ասել եմ՝ ազգանունն ասեք, էդ մարդիկ Սողոմոնյան չեն ասել, ասել են՝ Էդգար, ու չեն ասել՝ քանի տարեկան է:

– Ձեր համագործակցությունը երիտասարդների հետ ինչպե՞ս է ստացվել, որովհետև ծնողները նշում էին, որ նրանք նոր են Ռուսաստանից եկել:

– Մեզ մոտ գտնվում են ամբողջ Հայաստանի լավագույն տղաները, հասունացած պահ էր, պետք է լիներ: Տեսակի խնդիր է, այս բռնազավթված վիճակից պետք է դուրս գայինք, ինչքա՞ն կարելի է պատանդի կարգավիճակում սեփական երկրում ապրել, կարո՞ղ է՝ Պավլիկն է երեկ երկոյան հազարավոր մարդկանց կանչել, որ կրակը վառել են մեր և ոստիկանների երկրորդ գծում, Պավլի՞կն է կանչել, դա դժգոհության ալիքն է, չէ՞:

– Այդ դեպքում ինչո՞վ է պայմամավորված տղաների ծնողների մտահոգությունը:

– Ոստիկանությունն ակտիվ աշխատում է, այդ մարդիկ էլ պետք է գործ անեն, այստեղ նորմալ չեն կարողանում աշխատել, դա կարան՝ դա են անում, իրենց փնթի, կեղտոտ ձեռագիրն է:

– Այսինքն՝ Ոստիկանության միջամտությո՞ւնն եք տեսնում:

– Միջամտությունը՝ չէ, պարտադրանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս