«Ո՞վ է ազգային հերոսը՝ Մանվե՞լը, Սեյրա՞նը. ժամանակը կորակավորի հերոսներին». Վահան Արծրունի

«Եթե Ժիրայր Սէֆիլյանը, ազգային հերոս լինելով, եթե այդ որակական նիշի վրա կանգնած տղերքը, որոնց ազգն ընդունել է՝ որպես ազգային հերոս, պատմական իրադարձությունների որոշակի գնահատականների ներքո՝ որակվեն որպես տեռորիստ, ապա ո՞վ է ազգային հերոսը՝ Մանվե՞լը, Սեյրա՞նը:

Ո՞վ է այդ ազգային հերոսը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց երգահան Վահան Արծրունին՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա հարձակմանը:

Նրա խոսքով՝ նման ռադիկալ քայլերի դիմելու նրանց որոշումը ձևավորվել է երկար տարիների ընթացքում ՝ մեր աչքի առաջ:

Վահան Արծրունին չի կարծում, թե որևէ մեկն ի զորու է գնահատել խմբավորման անդամներին: ««Սասնա ծռերին» կորակավորի ժամանակը»,- ասաց նա՝ նշելով, որ ԱՄՆ Սահմանադրությունն ամրագրում է, որ ԱՄՆ քաղաքացին իրավունք ունի ապստամբելու սեփական կառավարության դեմ, և դրանով էլ պայմանավորված է զենք կրելու իր

իրավունքը: «Մեր Սահմանադրության մեջ նման թեզ չկա»,- ասաց նա:
Նա նշեց, որ կառավարությունը պետք է «գլուխ ջարդի», թե ինչպես ազգին հանի այս կոլապսային իրավիճակից, և ոչ թե՝ որակավորումներ անի ու ժամանակ ձգի.
«Տղերքը, այո՛, ռադիկալ են, այո՛, զենքով են մտել, բայց մտել են որոշակի ապագայի տեսլականով, այսինքն՝ կյանքի որակը փոխելու ուղերձ կա իրենց մոտ:

Իշխանությունն ի՞նչ է առաջարկում: Ենթադրենք՝ այս տղերքին նեյտրալիզացրին, փակեցին բանտում: Ի՞նչ է փոխվելու մեր կյանքում: Իշխանությունն առաջարկում է վերադառնալ հարաբերությունների այն համակարգին, որոնք տիրում են երկրում. պառլամենտի ուղիղ կեսը՝ գողական աշխարհի հետ կապված, մյուս կեսն ուղղակի մասնակից է երկրում եղած թալանին:

Այդ համակարգի՞ն վերադառնանք: Ուրիշ ի՞նչ է առաջարկում այս իրականությունը: Այս բոլոր հարցերն իմ ու ձեր հարցերը չեն: Այս բոլոր հարցերը կառավարության և իշխանության առաջ հասունացած և կրիզիսի հասած հարցեր են: Թող իրենք էլ պատասխանեն»:

Տեսանյութեր

Լրահոս