Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձին
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող հիշյալ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես՝ պաշտոնատար անձի թողտվությամբ քրեակատարողական հիմնարկի սենյակներում կենտրոնացել է տարբեր քաղաքացիների կողմից որպես օգնություն փոխանցված և դեռևս չպարզված հանգամանքներում քրեակատարողական հիմնարկի տարածք մուտք եղած տարբեր քանակի և տեսակի սննդամթերք և այլ իրեր, այդ թվում` արգելված:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: