«Բոլորս էլ երևի զգում էինք և սպասում, որ այսպես չի կարող շարունակվել». Արտավազդ Բայաթյան
Երաժիշտ Արտավազդ Բայաթյանը կտրականապես դեմ է, որ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներին ահաբեկիչ անվանեն: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ նշելով, որ նրանք կռվող, հայրենասեր տղաներ են:
«Բոլորս էլ երևի զգում էինք և սպասում, որ այսպես չի կարող շարունակվել, և դրա վերջակետը եղան ապրիլյան իրադարձությունները, որովհետև մենք հասկանում էինք, որ ամեն ինչ գողանում, կողոպտում են, արդարությունը բռնաբարված է: Ապրիլի 1-ին մենք հասկացանք, որ բանից պարզվում է՝ բանակն էլ է այդ վիճակում: Եվ դա մեզ համար արդեն մի մեծ ահազանգ էր»,- ասաց նա՝ նշելով, որ այդ տղաները նման քայլի գնացել են, քանի որ ուզում են լավ, իրավական երկրում ապրել:
«Եթե բռնանում են և սպանում արդարությունը, ժողովուրդն իրավունք ունի ցանկացած ճանապարհով վերականգնել արդարությունը: Այստեղ ուրիշ ոչ մի խնդիր չկա»,- ասաց նա: