«Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ համագործակցության մեխանիզմը նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը». Բինալի Յըլդըրըմ
Մենք ցանկանում ենք, որքան հնարավոր է՝ արագ հրավիրել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի նախագահների հանդիպում: Ինչպես հայտնում է yeniakit.com.tr-ն, այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն իր վրացի գործընկերոջ՝ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նշել է, որ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ համագործակցության մեխանիզմը նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:
Թուրքիայի վարչապետը նշել է, որ դեռևս 3 ամիս առաջ իրենք իրենց անհանգստությունն էին հայտնել՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացման հետ:
«Մենք ընդգծել ենք, որ հանդես ենք գալիս ԼՂ հակամարտության կարգավորման օգտին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»,- հավելել է նա:
Յըլդըրըմը նշել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո երկկողմ հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ չեն տուժել:
Նա ասել է, որ Թուրքիան հանդես է գալիս Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդրի կարգավորման օգտին՝ Վրաստանի տարածքային ամբողջականության շրջանակում:
Վրաստանի վարչապետը Թուրքիա էր ուղևորվել երկրում ռազմական հեղաշրջման փորձից 4 օր անց: Այցի շրջանակում Անկարայում կայացել է երկու երկրների ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը:
Վրաստանի վարչապետը հանդիպել է նաև երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Կվիրիկաշվիլին և Էրդողանը քննարկել են ռազմավարական համագործակցության հարցեր: