«Կառավարման համակարգը պետք է վերափոխվի, այս հիմքերի վրա չենք կարող շարունակել անկախ պետության ոչ միայն` զարգացումը, այլև` գոյատևումը». Կարինե Դանիելյան
«Իհարկե, բոլորս համաձայն ենք, որ պետք է գտնվի հանգուցալուծում, որ մենք այլևս արյուն, զոհեր չտեսնենք, որ մեծ դժբախտություն է տեղի ունեցել, և բոլորիս համար զինված հարձակումներով լուծումներն ընդունելի չեն, բայց ես համոզված եմ, որ մենք բոլորս, և հատկապես՝ իշխանություններն այս երևույթից լուրջ դասեր քաղելու լուրջ խնդիր ունենք:
Կներեք, սա պատահականություն չէ, սա սպասելի երևույթ էր»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը՝ խոսելով Երևանում «Հիմնադիր խորհրդարանի» անդամների և «Սասնա ծռեր» խմբի զինված անդամների կողմից ՊՊԾ գնդի տարածք մտնելուց հետո կատարվող իրադարձությունների մասին:
Նա նշեց, որ մեր հանրությունն անբարոյականության հիմքերի վրա կառուցեցինք, և դա անընդհատ դժգոհություն, ագրեսիա է ծնում, բևեռացվածության պարագայում, իհարկե, պիտի ագրեսիա ծնվի, կլինեն նման երևույթներ:
Նրա խոսքով՝ հասարակարգը, կառավարման համակարգը պետք է վերափոխվի, այս հիմքերի վրա չենք կարող շարունակել անկախ պետության ոչ միայն՝ զարգացումը, այլև՝ գոյատևումը: Կարինե Դանիելյանն ասաց, որ երեկ Հանրային խորհրդի նիստում առաջարկել է ցանկության դեպքում կանանցով փորձել միջնորդի դեր կատարել: