Առողջական խնդիր ունեցող զինծառայողը շարունակում է մնալ զինծառայության մեջ
2016 թ. հուլիսի 10-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ Հովհաննես Գրիգորյանը՝ իր որդու՝ ՀՀ ՊՆ 58831 զորամասի զինծառայող Մելիք Գրիգորյանի իրավունքների պաշտպանության հարցով: Զինծառայող Մելիք Գրիգորյանը, առողջական մի շարք խնդիրների առկայությամբ եւ պատշաճ բժշկական զննության չենթարկվելով, ճանաչվել է պիտանի եւ 2015 թ. հուլիսի 26-ին զորակոչվել զինվորական ծառայության:
Զինծառայողը ծառայության սկզբից մինչ օրս չի կարողանում լիարժեք ընդգրկվել զինվորական ծառայության մեջ, քանի որ նրա առողջական վիճակը օրեցօր վատթարանում է: Նրա մոտ առկա է զուգահեռաբար մի քանի հիվանդություն՝ հաճախ ունենում է սրտի ծակոցներ, ոտքի շրջանում ցավեր, ճնշման տատանումներ եւ այդ պատճառով ընդունում է մի քանի տեսակի դեղամիջոցներ:
Մասնավորապես՝ նևրոտիկ, սթրեսով պայմանավորված և սոմատոֆորմ խանգարումներ /ՀՀ ՊՆ 410 հրամանի 7 Գ /, գլխուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդություններ /11 Գ/, ներզատիչ համակարգի և նյութափոխանակության հիվանդություններ /20 Գ/, սրտամկանի, սրտապարկի (պերիկարդի), պսակաձև անոթների, փականային ապարատի, աորտայի հիվանդություններ և զարգացման արատներ /26 Դ/, նեյրոցիրկուլյատոր ասթենիա (հիպերտենզիվ, հիպոտենզիվ, սրտային, այլ ձևեր կամ խառը ձևեր) /28 Բ/, ոտնաթաթի ձևափոխում 43 Գ:
Բացի դրանից՝ ի թիվս ՀՀ ՊՆ 410 հրամանի նշված հոդվածների, որոնք սահմանում են սահմանափակումով ծառայություն, նրա զինվորական գրքույկում նշված է նաեւ հոդված 26-ի Գ կետը, որը սահմանում է, որ զինծառայողները` պիտանի չեն խաղաղ ժամանակ, պիտանի են զինվորական ծառայության` սահմանափակումով, պատերազմական ժամանակ: Այսինքն՝ զինծառայողն անօրինական ձեւով գտնվում է զինծառայության մեջ:
Ըստ զինծառայողի հոր խոսքերի՝ համապատասխան մարմինները որեւէ իրական քայլեր չեն իրականացնում զինծառայողի առողջական խնդիրները լուծելու, իսկ անհնարինության դեպքում նրան զինվորական ծառայությունից ազատելու համար: Փոխարենը՝ պարբերաբար բուժկետից հոսպիտալ տեղափոխելով եւ ոչ համալիր բուժզննություն իրականացնելով՝ զինծառայողին կրկին ճանաչում են պիտանի զինվորական ծառայությանը՝ սահմանափակումով, որը չի համապատասխանում զինծառայողի ներկա վիճակին:
Վերստին արձանագրում ենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը եւ նրա համապատասխան ստորաբաժանումները մի շարք զորակոչիկների դեպքում չեն պահպանում օրենսդրության պահանջները՝ ՀՀ Զինված ուժեր զորակոչելով լուրջ առողջական խնդիրներ ունեցող անձանց եւ ծառայության մեջ պահելով նրանց՝ առանց լուծելու առողջական խնդիրները:
Ավելին՝ ամեն գնով փորձում են անուշադրության մատնել առողջական վիճակի վերաբերյալ ահազանգերը, հաշվի չառնել բժշկական հանձնաժողովների կողմից տրված առողջական վիճակի մասին եզրակացությունները, երիտասարդների մոտ մի քանի լուրջ հիվանդությունների առկայության դեպքում հնարավոր զարգացումները:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ