Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի ամրապնդումն արևելքում Ռուսաստանի հետ բախման չի հանգեցնի. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի զորքերի ներկայության ավելացումը դաշինքի 4 երկրներում Ռուսաստանի հետ բախման չի հանգեցնի, կարծում է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Իսպանական El País թերթում հրապարակվել է նրա հոդվածը՝ նվիրված Ռուսաստանի հետ հարաբերություններին:

Ստոլտենբերգը հիշեցրել է, որ Վարշավայում հանդիպման ժամանակ անդամ երկրները որոշում են կայացրել ամրապնդել ռազմական ներկայությունը արևելյան անդամ երկրներում և 4 բազմազգ գումարտակներ տեղակայել Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում և Լեհաստանում:

«Ոմանք կարծում են, որ այդ միջոցառումները հարուցում են էսկալացիա և Ռուսաստանի վրեժխնդրությունը: Ես հասկանում եմ այդ անհանգստությունը, սակայն այն չեմ կիսում: Մենք ցանկանում ենք ոչ թե պատերազմ հարուցել, այլ այն կանխել:

Մեր միջոցառումները պաշտպանական բնույթի են, թափանցիկ ու համապատասխանում են մեր միջազգային պարտավորություններին: ՆԱՏՕ-ն կա և կլինի պաշտպանական դաշինք: Մեր նպատակը արտաքին սպառնալիքին դիմակայելն է: Մենք սպառնալիք չենք Ռուսաստանի համար, ոչ մի այլ երկրի համար: Մենք չենք որոնում հակամարտություններ և սպառազինությունների նոր մրցավազք: Սառը պատերազմը անցյալում է ու այնտեղ պետք է մնա»,- գրել է նա:

Եվրոպային սպառնացող վտանգների թվում նա թվարկել է նաև ահաբեկչությունը, անկայունությունն ու Ղրիմի բռնակցումից հետո «ավելի ագրեսիվ դարձած» Ռուսաստանը:
Նա հավաստիացրել է, որ ՆԱՏՕ-ն թերակղզին երբեք չի ընդունի ՌԴ-ի մաս և ամբողջությամբ աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Ստոլտենբերգը հավելել է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը կարևոր է ռազմավարական կայունության, թափանցիկության, չվերահսկվող դեպքերի և իրավիճակների վտանգի նվազեցման համար:

«ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը պետք է միմյանց լսեն»,- կոչ է արել Ստոլտենբերգը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս