Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի մահվան կապակցությամբ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել բանաստեղծ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսի (Դավիթ Հովհաննիսյան) մահվան կապակցությամբ:
«Խոր ցավ ապրեցի` տեղեկանալով տաղանդավոր բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի մահվան մասին: Դավիթ Հովհաննեսը մեր ժամանակակից գրականության, հայ արդի պոեզիայի տպավորիչ ու կոլորիտային դեմքերից էր, ով ուներ իր ուրույն
գիրն ու հետաքրքիր լեզուն: Նա կարողանում էր մտքի ազատությամբ եւ բառի արվեստով իր ձայնը հասցնել ընթերցողին եւ վերջինիս խորհելու, մտորելու մղել:
Դավիթ Հովհաննեսի պոեզիան ոչ միայն գրողի, այլեւ մտահոգ քաղաքացու ազնիվ ու անկաշկանդ խոսք էր՝ մշտապես պահանջարկված ասելիքով ու ներքին խորությամբ: Նա այդպիսին էր նաեւ որպես ՀՀ Ազգային ժողովի 2րդ գումարման պատգամավոր օրենսդիր մարմնում ծավալած իր գործունեության ընթացքում:
Կորստի այս ծանր պահին Դավիթ Հովհաննեսի ընտանիքին, հարազատներին ու գրչակից ընկերներին եմ հղում անկեղծ ցավակցություններս եւ մխիթարանքի խոսքերս», ասված է ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում: