Բաժիններ՝

«Առաջարկում եմ ձեռնպահ մնալ նման «սիրողական» ու փակուղային գործելակերպից». Աշոտ Ահարոնյան

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լրահոսում որոշ ՀԿ-ների ներկայացուցիչներ տեղեկատվություն են տարածել, թե ոստիկանություն բերվածներին ծեծել են, նվաստացրել և այլն, և այլն: Եվ այս ամենը՝ առանց որևէ կոնկրետ փաստ, տվյալ, հասցե նշելու, անորոշ ակնարկներով, ինչ-որ տեսանյութերով, որոնց տեքստը չի լսվում նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում:

Այս «մոտավորւթյունը» զարմանալի է հատկապես այն առումով, որ հիշյալները նախկինում միշտ հականե-հանվանե են անդրադարձել իրենց պաշտպանյալներին: Այսօր այդպես չէ, և դա հիմք է տալիս ենթադրելու, որ իրողությունները շահարկվում են:

Առաջարկում եմ ձեռնպահ մնալ նման «սիրողական» ու փակուղային գործելակերպից:

Ոստիկանության պետի հանձնարարությամբ մեզ փոքրիշատե հայտնի բոլոր դեպքերով նշանակվել են ծառայողական քննություններ:

Եթե իսկապես ցանկանում եք պարզվի իրականությունը և հնարավոր մեղավորները պատժվեն, աջակցեք քննությանը՝ դիմեք ոստիկանություն: Դժվարություն ծագելու դեպքում զանգահարեք ինձ կամ տեղեկություն տվեք սոցցանցերով:

Սա է իրողությունների ճշմարիտ պատկերը ստանալու ճանապարհը, իսկ հակառակ դեպքում, կրկնում եմ, ստիպված կլինենք կարծել, որ այս ամենը պրիմիտիվ ու ինֆանտիլ փորձեր են՝ ոստիկանությունը թիրախավորված անվանարկելու և հանրությանը թյուրիմացության մեջ գցելու նպատակով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս