Բաժիններ՝

«Պետք է բանակցությունները շարունակել և փորձել համոզել, որ հանձնվեն, հակառակ դեպքում՝ դիմել գրոհի». Ալեքսանդր Իսկանդարյան

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով «Սասնա ծռեր» զինված խմբավորման՝ հուլիսի 17-ի վաղ առավոտից սկսած գործողություններին, ասաց, որ այս պահին ամբողջ երկրի, այդ թվում՝ իշխանության, քաղաքական ուժերի, հասարակության ու լրագրողների խնդիրը մեկն է` անել հնարավոր ամեն ինչ՝ հարցն առանց արյունահեղության լուծելու համար:
«Այնտեղ կենդանի մարդիկ են, և վտանգ կա, որ նրանց կարող են սպանել, հիմա խնդիրն առանց արյան հարցը լուծելն է, իսկ հարցը միայն ոստիկանական գործողություններով չի լուծվում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ պետք է բանակցությունները շարունակել և փորձել համոզել, որ հանձնվեն, հակառակ դեպքում՝ դիմել գրոհի:

Քաղաքագետը զինված խմբի գործողությունները համարում է ծայրահեղականություն. «Ծայրահեղականությունը մեր երկրում նորություն չէ, և սպասելի էր, որ մի օր զենքի ուժով քաղաքական պահանջներ ներկայացվեն»,- ասաց նա՝ հիշեցնելով 6 տարի ազատազրկման դատապարտված «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի գործողությունները` բռնության հիմքով, ապա՝ Նորք-Մարաշի զինված խմբավորման կանխումը, և այլն:

«Բռնությամբ գործողությունների դիմելու մեթոդը մեր երկրում նորություն չէ, և պարտադիր չէ սոցիոլոգ լինես՝ հասկանալու համար, որ այդ ճանապարհով հարցերին լուծում տալու ռադիկալ մոտեցումը կա մարդկանց մոտ, և այն, ինչ տեղի ունեցավ, կարելի էր սպասել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հեշտ չի լինի առանց արյան հարցը լուծել, քանի որ խմբավորման մարդիկ ծայրահեղական են: Քաղաքագետը նաև նշեց, որ կարող են հյուծման տակտիկայի դիմել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս