Թուրքիան ԱՄՆ-ին պաշտոնական հարցում է ուղարկել Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու մասին
Թուրքիան ԱՄՆ-ին պաշտոնական հարցում է ուղարկել թուրք հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու վերաբերյալ, որին թուրքական իշխանությունները մեղադրում են երկրում կատարված ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Հայտնի է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն պաշտոնական այցով կմեկնի Վաշինգտոն: Նշվում է, որ Չավուշօղլուի այցի պատճառների թվում են Միացյալ Նահանգներում բնակվող թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման մասին բանակցությունները:
Հուլիսի 16-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կոչ էր արել Բարաք Օբամային արտահանձնել Գյուլենին, քանի որ նա է «ոգեշնչել» երկրում զինված հեղաշրջման մասնակիցներին:
Անձամբ Գյուլենը շաբաթ երեկոյան հայտարարել է, որ խռովությանն առնչություն չունի:
Ավելի վաղ քարոզիչը հասցրել էր դատապարտել երկրում հեղաշրջման փորձը: Օբաման դեռ չի մեկնաբանել Գյուլենին արտահանձնելու Անկարայի խնդրանքը: