«Այդ մարդկանց ընկալում եմ որպես ինքնազոհաբերվող, ինքնազոհաբերության գնացող մարդիկ». հոգեբանը՝ «Սասնա ծռերի» հոգեվիճակի մասին
Ոստիկանության գործողությունները միտված էին բռնկման օջախը մարելուն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը՝ խոսելով «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելուց հետո ոստիկանության գործողությունների մասին: Նրա խոսքով՝ գործողությունն, ըստ էության, հակառակ արդյունքը տվեց: Խուդոյանը նշեց, որ ապրիլյան դեպքերից սկսած ժողովրդի մոտ կուտակվում էր լարվածություն, դժգոհություն իշխանությունների դեմ:
«Իշխանություններն են հասցրել այս վիճակին, և ուղղակի թույլ օղակը պայթեց: Թույլ օղակը տվյալ դեպքում Ժիրայր Սէֆիլյանի խումբն է: Կարծում եմ՝ դեր խաղացին նաև Թուրքիայի դեպքերը: Կարծում եմ՝ այդ մարդիկ հասկանում են, որ այդ մի խմբով, մի ոստիկանական բաժանմունք գրավելով չեն կարողանա իշխանափոխություն անել, բայց նրանք կկարողանան աշխարհի ուշադրությունը հրավիրել իրենց, երկրի խնդիրների, վիճակի վրա: Այդպես էլ եղավ: Իհարկե, արևմուտքն այնքան էլ ակտիվ չէր, բայց բոլոր դեպքերում…»,- ասաց Սամվել Խուդոյանը:
Նա կարծիք հայտնեց, որ որոշման կայացման վրա ազդել է մի հոգեբանական պահ՝ ռիսկի տեղաշարժ: «Երբ խմբային որոշում է կայացվում, թերագնահատվում է իրավիճակը, այն ճիշտ չի գնահատվում, և ռիսկը հաշվի չի առնվում (դա հոգեբանական օրինաչափություն է), և գնում են գործողության, որ ամենևին արդարացված չէ: Կոնկրետ այս պահին ես այդ մարդկանց ընկալում եմ որպես ինքնազոհաբերվող, ինքնազոհաբերության գնացող մարդիկ»,- ասաց Սամվել Խուդոյանը՝ նշելով. «Ամեն վայրկյան նրանք կարող են ոչնչացվել»: Միևնույն ժամանակ նա նշեց, որ չի կարծում՝ այդպիսի քայլի կգնան:
Նա նշեց, որ ժողովրդի մոտ լիցքը կար, և եթե ապրիլից հետո իշխանությունը կտրուկ փոխեր գործելաոճը, այն կթուլանար, սակայն պարզ դարձավ, որ «թքած ունեն ժողովրդի վրա»:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ ասաց, որ զիջումներ չի տեսնում. եթե իշխանությունները զիջեն, հանրությանը կասեն, որ պագայում այս ճանապարհով կարող են իրենց որոշումների վրա ազդել. «Այս ընկերներն էլ եթե զիջեն, ստացվում է, որ նրանք հերոս չեն, այլ վախկոտների մեկն են»:
Սամվել Խուդոյանը կարծիք հայտնեց, որ չհրապարակվող ներքին բանակցություններ կլինեն, խոստումներ իշխանության կողմից, ներքին համաձայնություն և կհանձնվեն:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ ասաց, որ չի կարծում, թե բանակցություններն արդյունավետ չեն լինելու, դրանց այլընտրանք չի տեսնում:
Անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հոգեբանական վիճակին՝ Սամվել Խուդոյանն ասաց, որ նրանց մոտ չարդարացված էյֆորիա է, իրավիճակի ոչ այնքան սթափ գնահատում: