Ենիգոմշյանին ԱԱԾ-ից հավաստիացրել են, որ բանակցությունները խզված չեն

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք տանող Խորենացի փողոցում ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, որ ԱԱԾ-ից համապատասխան հավաստիացում է ստացել, որ իշխանությունների և ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների միջև բանակցությունները խզված չեն:
Ըստ Ենիգոմշյանի, քիչ առաջ ինքը համապատասխան կողմից ստացել է հավաստիացում, որ բանակցությունները խզված չեն:

«Այդ կապակցությամբ ես, անկեղծորեն, շատ գոհ եմ, ուրախ եմ: Ընդամենը մեկ բան ավելացնեմ, որ, եթե բանակցությունները խզված չեն, այդ դեպքում ակնկալվում է, որ երկու կողմերից՝ և մեկ, և երկրորդ կողմից, սրացման գնացող և լարվածությունն ավելացնող քայլեր չլինեն: Այս դեպքում հստակ է, թե այդ ուղղությամբ քայլերըն այս վերջին 15 ժամերի ընթացքում ում կողմից են արված: Հետևաբար, կրկնում եմ՝ ես ուզում եմ հավատալ այն հավաստիացմանը, որ բանակցությունները խզված չեն, բայց եթե խզված չեն, նաև պետք է սրացման չգնալ»,- ասաց Ենիգոմշյանը:

Լրագրողների ճշտող հարցերին, թե ԱԱԾ-ի՞ց է արդյոք զանգ ստացել, Ալեք Ենիգոմշյանը պատասխանեց՝ «Այո: Ես սպասում եմ, որ տղաների հետ հեռախոսային կապը կվերականգնվի: Մնացածը՝ կտեսնենք»:

Վերջինիս հստակեցմամբ՝ իր հեռախոսային զրույցի ընթացքում իրեն միայն հավաստիացրել են, որ բանակցությունները խզված չեն, կապի մասին ոչինչ չի խոսվել: Այնուամենայնիվ, Ենիգոմշյանը լիահույս է, որ հեռախոսակապը կվերականգնվի:

Տեսանյութեր

Լրահոս