«Իշխանությունը պետք է ահաբեկիչների հետ վարվի այնպես, ինչպես ահաբեկիչների հետ են վարվում: Իհարկե, զոհեր չպետք է թույլ տալ». Մոդեստ Կոլերով

168.am-ի զրուցակիցն է ՌԴ Առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքական վերլուծաբան, «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը:

– Պարոն Կոլերով, Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ է կատարվում Երևանում: Մոսկվայում ինչպե՞ս են ընկալվում երևանյան վերջին երկու օրերի զարգացումները:

– Այն, ինչ տեղի է ունենում, Երևանի ներքին խնդիրն է: Միայն կարող եմ ասել, որ, իմ համեստ կարծիքով, Երևանի կենտրոնում նախաձեռնվել է ահաբեկչական ակտ, Ոստիկանության դեմ ծրագրված ակտ: Նախաձեռնողները ոգեշնչվել են Թուրքիայում ծավալված իրադարձություններից, հենց դա էր պատճառը, որ այս ահաբեկչությանը տվեցին «ռազմական հեղաշրջում» որակումը՝ այն դեպքում, երբ դա իրականում ռազմական հեղաշրջման փորձ չէր, այլ ահաբեկչական ակտ էր: Նրանք ոգեշնչվեցին, որ կարող են Թուրքիայից հետո Երևանում հաջողության հասնել ահաբեկչական գործողությունների միջոցով: Սա, իմ համոզմամբ, ուղիղ սպառնալիք է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, իրավիճակին շփման գծում և Արցախի ինքնորոշման գործընթացին: Սա իր բացասական հետևանքներն է ունենալու: Պարզապես հույս ունեմ, որ դրանք էական չեն լինի:

– Որոշ փորձագետներ պատահական չեն համարում զարգացումները Նիսում, Թուրքիայում և Հայաստանում: Իհարկե, սա ոմանց համար կարող է դավադրության տեսություն թվալ, բայց կան նաև նման տեսակետներ: Ի՞նչ եք կարծում այս մասին:

– Այո, կա նման տեսակետ: Նման տեսակետ կա նաև «Ռեգնումի» հեղինակային վերլուծական հոդվածներից մեկում: Բայց դրանք տեսակետներ են, փորձագետները կարող են նման կապ տեսնել: Բայց չէ՞ որ չկան փաստական տվյալներ, որ դրանք կապված են միմյանց հետ: Կարող ենք միայն կանխատեսել և չենք կարող պնդել:

– Ոմանք Ժիրայր Սէֆիլյանի և նրա աջակիցների գործողություններում տեսնում են ռուսական հետք, ոմանք՝ արևմտյան, ոմանք սա համարում են ներքին խնդիրների արտահայտում: Դո՞ւք ինչ եք կարծում:

– Գիտեք, պետք է կրկնվեմ: Ցանկացած հետք կարելի է տեսնել, բայց չկան փաստեր, որ այս գործողություններում կա արտաքին հետք: Կարող է լինել, կարող է և չլինել:

– Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս պետք է իշխանությունը վարվի ստեղծված իրավիճակում:

– Կարծում եմ՝ իշխանությունը պետք է ահաբեկիչների հետ վարվի այնպես, ինչպես ահաբեկիչների հետ են վարվում, իհարկե, զոհեր չպետք է թույլ տալ: Դժվար իրավիճակ է ստեղծվել, չպետք է թույլ տալ, որ այս իրադարձություններն իրենց հետքը թողնեն ԼՂ հակամարտության վրա:

Տեսանյութեր

Լրահոս