Ռուսաստանցիներին ժամանակավորապես արգելվել է ուղևորվել Թուրքիա
Ռուսաստանցիները Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո ժամանակավորապես զրկվել են Թուրքիա թռչելու հնարավորությունից՝ անկախ այն բանից, թե դա ինչ ավիաընկերություն է, RIA Novosti-ին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահ Դմիտրի Գորինը:
«Ներկայում Turkish Airlines-ի չվերթերով Թուրքիա կարող են թռչել միայն այլ պետությունների քաղաքացիները, սակայն ռուսաստանցիների համար ժամանակավորապես չկա Թուրքիա թռչելու հնարավորություն՝ ո´չ Ստամբուլ, ո´չ Անկարա, ո´չ Անթալիա»,- պատմել է գործակալության զրուցակիցը:
ՌԴ քաղաքացիներին ժամանակավորապես մերժվել է Թուրքիա ավիափոխադրումը:
«Անգամ թուրքական ավիաընկերություններն իրավունք չունեն ռուսներին նստեցնել ինքնաթիռ: Դա շատ կարևոր պահ է, քանի որ շատերը կարծում էին, թե ռուսաստանցիներին Թուրքիա չեն տեղափոխում միայն «Աերոֆլոտն» ու «Ռոսիան»:
Դա ժամանակավոր միջոցառում է, քանի որ ցանկացած պահի կարող է ինչոր բան փոխվել: Մեզ ոգևորում է ու հուսադրում այն հանգամանքը, որ երեկ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ Էրդողանը վստահեցրել է, թե ռուս զբոսաշրջիկների անվտանգությունն իր երկրի տարածքում կապահովվի»,- ասել է նա: