Ղազախստանում ահաբեկչական վտանգի կարմիր աստիճան է հայտարարվել ոստիկանների սպանություններից հետո
Ալմաթիում անհայտ անձի հարձակման հետևանքով սպանվել է 3 ոստիկան և 1 խաղաղ բնակիչ, հայտնում է Tengrinews կայքը՝ հղում կատարելով Ղազախստանի ՆԳՆ-ի մամուլի ծառայությանը:
Փախուստի փորձի ժամանակ անհայտ անձն առևանգել էր քաղաքի բնակիչներից մեկի ավտոմեքենան, որի վարորդը վիրավորվել էր ու մահացել:
«Ստացած վնասվածքներից մահացել է նաև ոստիկանության 3 աշխատակից»,- հայտնել են մամուլի ծառայությունից:
Ղազախստանի ՆԳՆ-ի տվյալով՝ Երևանի ժամանակով ժ. 09.00-ին Ալմաթիի ոստիկանության շրջանային վարչություն ներթափանցման փորձի ժամանակ վիրավորվել է 1 ոստիկան, անհայտ անձը վերցրել է նրա զենքն ու հեռացել:
Հանցագործին փորձել են վնասազերծել, հրաձիգին կալանավորելու ժամանակ տուժել է նվազագույնը 4 ոստիկան: Կասկածյալին հաջողվել է ձերբակալել, նրա ինքնությունը պարզվել է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալմաթիում ահաբեկչական վտանգի բարձրագույն՝ կարմիր աստիճան էր հայտարարվել: