Ժիրայր Սէֆիլյանը պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ. a1plus.am
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, կալանավորված Ժիրայր Սէֆիլյանը պատրաստ է հանդիպում ունենալ նույնիսկ Սերժ Սարգսյանի հետ՝ հարցին լուծում տալու նպատակով: Միաժամանակ նա կոչով է հանդես եկել:
«Այդ կոչը միայն այդ տղաներին ուղղված չէ, կոչը ասում է, որ ամեն գնով պետք է խուսափել արյունահեղությունից և դա իրականացնելու համար ինքը Սէֆիլյանը պատրաստ է ամենաբաձր մակարդակով հանդիպում ունենալ»,- այս մասին «Ա1+»-ին հայտնել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, ով երեկ տեսակցել է Ժիրայր Սէֆիլյանին:
Երեկ նա հանդիպել է նաև Էրեբունու ՊՊԾ շենքը առավոտյան գրոհած «Սասնա ծռեր» ջոկատի մի խումբ անձանց հետ.
«Այնտեղ գտնվող տղաներն առաջին իսկ րոպեից պահանջել էին Ժիրայր Սէֆիլյանին բերեն այդ զորամաս, բայց ուժային կառույցները դա բացարձակապես մերժել էին: Եթե ուժային կառույցների կողմից հեշտացվի, պարոն Սէֆիլյանը պատրաստ է գնալ հանդիպման»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը: Նրա խոսքերով՝ իրենք զրկված են ինտերնետից և սնունդից:
Ալեք Ենիգոմշյանը միաժամանակ տեղեկացրեց, որ ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի զոհվելը շատ է բարդացրել իրավիճակը: «Չնայած ներսում գտնվող տղաների մոտ էլ վիրավորներ կան: Մի ծանր հիվանդ կա՝ Թաթուլ անունով, մյուսն ավելի միջին ծանրության վիրավոր է, անունը չեմ հիշում»,- նշեց Ալեք Ենիգոմշյանը: