«Ես տղաներին ոչ թե պաշտպանում եմ, այլ ես չեմ կարողանում, իրավունք չունեմ դատապարտել». Մանվել Եղիազարյան

«Ես իրենց չեմ պաշտպանում, բայց դատապարտել չեմ կարողանում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ խոսելով «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» խմբավորման կողմից հուլիսի 17-ին ծավալված զինված գործողությունների մասին:

«Մարդիկ հնարավորություն չունեն իրենց շահերը պաշտպանելու: Մարդիկ իրավունք չունեն իրենց իրավունքները պաշտպանելու: Մարդիկ արհամարհված են, մարդկանց ծեծում են, մարդիկ սոված են, երկրում աղքատությունը դարձել է 70-75 տոկոս, ամեն տեղ տուգանք՝ չորս կողմը՝ կարմիր գծեր…

Մարդկանց ստիպեցին: Այս ամենի համար մեղավորն իշխանություններն են, ստեղծված իրավիճակը ծնեց այդ դեպքը, որն այսօր տեղի է ունենում: Մարդ, մասնագիտությունից բացի, պետք է մարդ լինի: Չորս կողմը նայեք, թե ինչ է կատարվում: Ոչ մեկն ապագա չունի: Աղջիկները չեն կարողանում ամուսնանալ. տղամարդ չկա Հայաստանում: Բոլոր տղամարդիկ դուրս են եկել, Ռուսաստանում կոպեկ են աշխատում, տղամարդիկ այնտեղ ռուսների հետ են պսակվում, ասիմիլյացիայի է ենթարկվում ընտանիքը: Այդ ամբողջը բերեց նրան, որ մարդիկ գնացին այս քայլին: Ես իրենց ոչ թե պաշտպանում եմ, այլ ես չեմ կարողանում իրենց դատապարտել:

Ձեզ պարզ ասեմ՝ ես իրենց չեմ պաշտպանում, բայց դատապարտել չեմ կարողանում: Այս իրավիճակը ծնել է այդ իրավիճակը: Ասեմ ամենակարևորը՝ հանկարծ մեր իշխանությունները չփորձեն շտուրմով վերցնեն այդ տղաներին, չեզոքացնեն: Ավելի մեծ զոհեր կլինեն, ու իրենք պատասխանը չեն կարողանա տալ, ատելությունն ավելի սարսափելի կխորանա, որովհետև տեղից էլ ոչ մեկս էլ մի հատուկ համակրանք չունենք դեպի իշխանությունները»,- ասաց Մանվել Եղիազարյանը:

Հարցին՝ արդյոք այժմ պատեհ պա՞հն էր նման գործողության դիմելու՝ հաշվի առնելով ղարաբաղաադրբեջանական սահմանին տիրող պատերազմական վիճակը, նա պատասխանեց.

«Մենք գտնվում ենք պատերազմական վիճակում, բայց ձեր օլիգարխներն ու իշխանավորները միլիոններ են ծախսում, հանգստանում են Էմիրաթներում, արտասահմաններում: Ինչի՞ են հանգստանում. պատերազմական իրավիճակի մեջ ենք: Ոչ մեկն այս դեպքերի ժամանակ այսպիսի իրավիճակ չէր սպասում: Բայց ճիշտ խոսենք՝ մարդիկ իրենց համար հավեսով միլիոններ են ծախսում, այստեղ՝ հարսանիք, այնտեղ՝ քեֆեր, միլիարդներ: Ժամանակն է ասել ճշմարտությունը:

Քանի ամիս կռիվ էր գնում, քանի՞ կոպեկ փող ծախսեցին այդ մարդիկ, որ միլիարդներ ունեն: Դուք եք մամուլով գրում՝ այս պաշտոնյան 200 մլն դոլար գողացավ, նա 50 մլն դոլար գողացավ… Ե՞րբ բերեցին 5 մլն, 10 մլն դոլար փող դրեցին, որ տղաները կարողանան մարդավարի կռվել: Դա է ձեր իրականությունը: Դրա համար այս ամենը ծնեց սա: Նորից եմ ասում՝ ես այդ տղաներին չեմ պաշտպանում, բայց ես իրավունք չունեմ իրենց դատապարտելու»:

Տեսանյութեր

Լրահոս