«Ժիրայր Սէֆիլյանն առաջարկել է հանգուցալուծման երրորդ տարբերակ. մի հոգու բաց ենք թողել դրա քննարկումը սկսելու համար». Վարուժան Ավետիսյան
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գիշերը հանգիստ է անցել, իսկ բանակցությունների մասին ինֆորմացիա չունեն.
«Մենք ընդամենը գիտենք, որ Ժիրայր Սէֆիլյանն առաջարկել է հանգուցալուծման երրորդ տարբերակ, որը քննարկվում է, ու որի մասին մանրամասներ չեմ կարող նշել: Ի՞նչ փուլում է, ո՞ւր են հասել, ի՞նչ համաձայնության են եկել՝ մենք դեռ տեղեկություն չունենք: Մի հոգու բաց ենք թողել պարոն Սէֆիլյանի առաջարկությամբ՝ որպես բարի կամքի արտահայտություն, իր առաջարկած երրորդ տարբերակի քննարկումը սկսելու համար»:
Հարցին՝ նշված երրորդ տարբերակի քննարկումը ենթադրո՞ւմ է մյուսներին էլ բաց թողնել, նա պատասխանեց.
«Հնարավոր է՝ սա շարունակական լինի, ժամանակը ցույց կտա: Մենք պատանդառությամբ չենք զբաղվում, մենք քաղաքական գործունեություն ենք իրականացնում, իսկ դա քաղաքական գործունեության ամենածայրահեղ ձևն է: Այս երկրում իշխանությունը յուրացված է ու բռնապետություն է հաստատված, որևէ այլ եղանակով հնարավոր չէ ապահովել ժողովրդի կամքի հաստատումը, և ժողովուրդն իրավունք ունի զենք վերցնելու, ոչնչացնելու իր իշխանությունը յուրացրածներին և վերահաստատելու իր կամքն ու իշխանությունը: Մենք այդ գործով ենք զբաղված»:
Իսկ հարցին՝ տարբեր քննադատություններ են հնչում, դրանց ինչպե՞ս եք վերաբերվում, նա այսպես պատասխանեց.
«Բոլոր այն ուժերը և անհատները, որոնք մեզ ներկայացնում են՝ որպես ահաբեկիչներ, հանցագործներ և այլն, և այլն, իրենք Հայաստանում հայ ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցավոր համագործակցության անդամներ են կամ աջակիցներ և ենթակա են ժողովրդի դատաստանին ու օրենքի պատժին: Կգա այդ ժամանակը, ու իրենք այդ պատասխանատվությունը կկրեն»: