«Դուք ապացուցեցիք, որ Ժիրայր Սէֆիլյանի կալանավորումը հիմնավոր է». Դավիթ Շահնազարյանը զինված խմբին կոչ է անում վայր դնել զենքերը

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, 1994-95թթ. ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ Շահնազարյանը, անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա Ծռեր» խմբավորման զինված անդամների կողմից վաղ առավոտից ձեռնարկած գործողություններին, այդ խմբավորումների անդամներ Պավել Մանուկյանին, Վարուժան Ավետիսյանին և մյուսներին կոչ է անում՝ ցած դնել զենքը, հանձնվել իրավապահ մարմիններին:

«Այս պահին գխավոր նպատակը արյունահեղությունից խուսափելն է և ստեղծված իրավիճակում բանակցությունների միջոցով հանգուցալուծումը: Մինչ այժմ զերծ էի մնում քաղաքական որևէ մեկնաբանությունից` համարելով, որ ցանկացած քաղաքական մեկնաբանություն կարող է էլ ավելի սրել իրավիճակը: Բայց հիմա, կարծես, դրությունն էլ ավելի է բարդանում։ Դիմում եմ այն անձանց, որոնք զավթել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը` Պավել Մանուկյանին, Վարուժան Ավետիսյանին և մյուսներին: Ձեր գործողությունները հարված են ոչ թե ՀՀ ներկայիս իշխանություններին, այլ մեր պետականությանը և մեր ժողովրդին։ Դուք ապացուցեցիք, որ Ժիրայր Սէֆիլյանի կալանավորումը հիմնավոր է:

Անկախ նրանից, թե ով՝ ինչպիսի վերաբերմունք ունի ՀՀ գործող իշխանությունների նկատմամբ դուք չունեք և չեք ունենալու հասարակական աջակցություն։ Կոչ եմ անում ձեզ` վայր դնել զենքերը, հանձնվել իրավապահ մարմիններին, և գուցե այդ դեպքում մեր հասարակությունը փոքր-ինչ մեղմի իր վերաբերմունքը ձեր հանդեպ, և դատարանը դա հաշվի կառնի։

Հակառակ դեպքում, հետագա արյունահեղության ողջ պատասխանատվությունն ընկնելու է ձեր և անձամբ Ժիրայր Սէֆիլյանի վրա: Վստահ եմ, որ այս կոչը պաշտպանում են մեր հասարակության ջախջախիչ մեծամասնությունը և ձեր հարազատները»,- aravot.am-ի և 168.am-ի հետ զրույցում ասել է Դավիթ Շահնազարյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս