««Հեղափոխության» կազմակերպիչների աղերսանքներով 50-60 մարդ հավաքվեց հրապարակում»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանում զինված խմբի գործողություններին:

«ՀԽ-ի և «Սասնա Ծռեր»-ի համատեղ կազմակերպված «հեղափոխությունը» ի սկզբանե ձախողված է… Նախ՝ ահաբեկչական մեթոդներով որևիցե բանի հնարավոր չէ հասնել… Երկրորդ՝ «հեղափոխության» կազմակերպիչների և PR-շչիկների աղերսանքները՝ սոցցանցերի միջոցով ոտքի հանել ժողովրդին, որևէ արդյունք չտվեցին (հրապարակում հավաքվեցին 50-60 մարդ), որի հետևանքով աղերսողներն անցան տարրական վիրավորանքների…

ՀԽ-ի և «Սասնա Ծռեր»-ի երկրպագուներից մեկը ուղղակիորեն կասկածի տակ է առնում հասարակության ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, որը իրենց չի միանում… Այսինքն՝ ով իրենց հետ չէ՝ ԱՆՊԱՏԻՎԻ մեկն է…

Մարդկանց չմիավորվելը «հեղափոխականներին»՝ լիովին ձախողեց այն… Եթե երկու օր առաջ Էրդողանին հաջողվեց կոչի միջոցով լցնել Ստամբուլի և Անկարայի հրապարակները հակահեղափոխական զանգվածով, ապա Վարուժան Ավետիսյանին և նրա ընկերներին դա չհաջողվեց, որն արդեն կանխորոշել է իրենց փակուղիական ծրագրերը…

Կամ՝ մի՞թե Վ.Ավեստիսյանը և Co-ն այդքան միամիտ են, որ հավատում են, որ Ս.Սարգսյանը հրաժարական կտա… Նրանց նման ռոմանտիկ հեղափոխականները շատ վատ ավարտ են ունենում…

Սակայն վատն այն է, որ ռոմանտիկ հեղափոխականները վնասում են ոչ միայն իրենց, այլև երկրին, որին շատ սիրում են, քանի որ շատ դեպքերում իրենց գործողությունները կրում են հակապետական բնույթ, իսկ մարդու արյուն թափվելու դեպքում՝ նաև ահաբեկչական բնույթ… Երևանում արդեն ՀԱՅԻ արյուն է թափվել… Իսկ թափողն էլ կրկին հայ է… Սա է տխրեցնում ինձ…

Տեղի ունենացածում մեղավորության բաժինն ունեն և՛ իշխանությունները, որոնք կտրված են հասարակությունից, և՛ ընդդիմությունը, որը շփոթում է ժողովրդավարությունը անարխիայի հետ…

Հ.Գ. Ի դեպ, Երևանում տեղի ունեցող իրադարձություններն այնքան անհետաքրքիր են մեր արևելյան հարևանների համար, որ նրանց ԶԼՄ-ները գրեթե չեն անդադառնում դրանց՝ հասկանալով, որ «հեղափոխականները» երկրի ներսում ոչնչի չեն հասնի…»,- գրում է Համբարյանը:

Տեսանյութեր

Լրահոս