Զինված խումբն ընդամենը մեկ պահանջ է ներկայացրել
ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց այսօր տեղի ունեցածը. «Այսօր մի խումբ անձիք՝ զինված ինքնաձիգներով և ատրճանակներով, հարձակում են գործել ՀՀ ոստիկանության պարեկա-պահակային ծառայության գնդի վրա, մուտք են գործել տարածք ու այնտեղ պահում են պատանդների: Պատանդները ոստիկանության ծառայողներ են»:
Հարցին՝ արդյոք ոստիկանությունը զինված խմբի առջև հանձնվելու ժամկետ դրե՞լ են, որից հետո կանցնեն համապատասխան գործողությունների՝ Հունան Պողոսյանը պատասխանեց՝ քանի դեռ հույսը չեն կորցրել բանակցություններով ավարտելու այս գործընթացը, իրենք շարունակելու են բանակցել:
Հունան Պողոսյանը հայտնեց, որ խումբն ընդամենը մեկ պահանջ է ներկայացրել, այն է՝ ազատ արձակել Ժիրայր Սէֆիլյանին, ինչը հնարավոր չէ: Նա նաև հայտնեց, որ պատանդների թիվը յոթն է ու հաստատեց այն տեղեկությունը, որ պատանդների թվում է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Հունան Պողոսյանի խոսքով՝ ապստամբների մեջ վիրավորներ չկան: