«Տեղի ունեցածը դիվերսիոն ահաբեկչական ակտ է». Ալեքսանդր Մարգարով

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը հուլիսի 17-ի առավոտյան Երևանում տեղի ունեցածը ոչ կառուցողական մոտեցում է համարում քաղաքական գործընթացներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանելով մի խումբ զինված անձանց կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելու և բռնության սպառնալիքով այնտեղ մարդկանց պահելու քայլերը` Մարգարովը նշեց. «Սա ոչ կառուցողական մոտեցում է քաղաքական գործընթացներին, չի երևում նաև, թե հանուն ինչի են նրանք գնացել նման քայլերի: Տեղի ունեցածը դիվերսիոն ահաբեկչական ակտ է, ներքին անհնազանդություն և ոչ համակարգային գործողություն, որը չի կարող բերել դրական արդյունքի: Քաղաքական ուժերի ներկայացուցիչները, անկախ նրանից նրանք ներկայացնում են իշխանությունը թե ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը, դատապարտում են տեղի ունեցածը: Հաշվի առնելով ծայրահեղ ոչ համակարգային ընդդիմության ռեսուրսի բացակայությունը` որևէ դրական արդյունքի նրանք չեն կարող հասնել»,- ասաց Մարգարովը` ավելացնելով, որ այժմ միակ խնդիրն է` հանգուցալուծել միջադեպը:

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց: ՀՀ ազգային անվտանգության ծառայության հայտարարության մեջ նշված է. «Մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ միախումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին : Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել: Ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ:

ՀՀ իրավապահ մարմիններն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար: Միաժամանակ Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զանգվածային լրատվության միջոցներին տեղեկատվություն տարածելիս օգտագործել միայն պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալները, հակառակ դեպքում սփռվող ապատեղեկատվությունը նպաստում է ձեռնարկված հանցավոր գործողությունների իրականացմանը, վտանգ ստեղծում մարդկանց կյանքի և առողջության համար»:

Տեսանյութեր

Լրահոս