Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած առաջին հանդիպումը
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հուլիսի 16-ին առաջին հանդիպումն անցկացրեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի գլխավորությամբ առաջին խաղում Անգլիայի 20-ակի չեմպիոնն արտագնա ընկերական հանդիպում անցկացրեց անգլիական «Ուիգանի» հետ և առավելության հասավ 2:0 հաշվով:
Հենրիխ Մխիթարյանը խաղաց 10 համարի մարզաշապիկով, որը պատկանում է Ուեյն Ռունիին: Անգլիայի հավաքականի ավագը չէր հայտավորվել հանդիպմանը:
«Հրաշալի հանդիպում էր: Առաջին խաղակեսը մի փոքր բարդ էր, քանի որ մենք չկարողացանք գոլ խփել: Բայց, անկախ ամեն ինչից, մենք լավ խաղ անցկացրինք և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ խաղընկերներին այսօրվա համար:
Ես փորձում էի հարմարավետ զգալ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով, և վստահ եմ, որ գնալով ինձ ավելի լավ կզգամ:
Ինձ համար կարևոր չէ, որ ես այսօր հանդես եկա 10 համարի դիրքում: Կարծում եմ, ամենակարևորը ակումբի հաղթանակներն են»,- «Ուիգանի» հետ ընկերական խաղից հետո ասել է Մխիթարյանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը