Բաժիններ՝

Անին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-­ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում

Միջնադարյան Հայաստանի Անի մայրաքաղաքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ­-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Ինչպես հաղորդում է ՅՈՒՆԵՍԿՕ­-ի պաշտոնական կայքը, այս մասին որոշումը կայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ­-ի Մշակութային ժառանգության կոմիտեի 40-­րդ նիստում:

ՅՈՒՆԵՍԿՕ-­ի պաշտոնական կայքում տեղադրված նկարագրության մեջ Անին ներկայացված է որպես հայերի կողմից հիմնադրված քաղաք: Մասնավորապես, ասվում է, որ չնայած Անի քաղաքի հիմնադրման վերաբերյալ շատ քիչ տեղեկություններ կան, այնուամենայնիվ, հայտնի է, որ քաղաքը բնակեցվել է ուրարտական ժամանակաշրջանում` մ.թ.ա առաջին հազարամյակի առաջին կեսին:

«Անին առանձնահատուկ վերելք է ապրել Հայոց Բագրատունիների արքայատոհմի ժամանակաշրջանում: Չնայած Աշոտ Բագրատունու օրոք երկրի մայրաքաղաքը Կարսն էր, Աշոտ Երրորդը 961 թվականին Անին հռչակեց որպես Հայաստանի մայրաքաղաք: Իր նոր կարգավիճակով քաղաքն ընդարձակվեց` ամրոցից վերածվելով թագավորական նստավայրի: 10-­11-­րդ դարերում Գագիկ Առաջինի գահակալության տարիներին քաղաքն աննկարագրելիորեն բարգավաճում է` դառնալով մշակութային, կրոնական, տնտեսական կարեւոր կենտրոն: Հենց այս ժամանակահատվածում է, որ հանրահայտ Տրդատ ճարտարապետը կառուցում է Անիի Մայր տաճարը եւ Սուրբ Գրիգոր դամբարան եկեղեցին»,­- ասված է կայքում:

Կայքում նաև նշվում է, որ հայոց արքա Գագիկ Առաջինի գահակալությունից հետո քաղաք են ներխուժել վրացիները, արաբները եւ բյուզանդացիները: 1045 թվականին բյուզանդացիները գրավում են քաղաքն, իսկ 1064 թվականին այն նվաճում են սելջուկ թուրքերը:

«Անիի տարածքում բազում եկեղեցիների առկայության պատճառով այն ստացել է «1001 եկեղեցիների քաղաք» անվանումը: Եկեղեցիներից շատերը կառուցվել են 12-­13-­րդ դարերում: Սկիզբ առնելով դեռեւս 989 թվականին Սմբատ Բագրատունու գահակալության օրոք` Անիի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու շինարարությունը ավարտին հասցվեց 1001 թվականին Սմբատ Բագրատունու հետնորդներից` Գագիկ Առաջինի կնոջ Կատրամիդե թագուհու շնորհիվ»,­ նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ­-ի պաշտոնական կայքում:

«Համոզվեցինք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-­ի համաշխարհային մշակութային ժառանգության 40­-րդ նիստի բոլոր մասնակիցները հասկացան, որ Անին հայկական է»,­- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-­ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-­ի Մշակութային ժառանգության կոմիտեի 40-­րդ նիստն անցկացվում է Ստամբուլում: Կոմիտեի նախագահ, Թուրքիայի արտգործնախարարության մշակույթի եւ զբոսաշրջության գծով գլխավոր ղեկավար, դեսպան Լալե Ուլկերի գլխավորությամբ հանձնաժողովիանդամներն ուսումնասիրել են տարբեր երկրների կողմից ներկայացված բազմաթիվ հայտեր, որոնցից մեկը ներկայացրել է հենց Թուրքիան`ցանկանալով ներառել հայկական Անի քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ­-ի մշակութային ժառանգության ցանկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս