Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ներկա է գտնվել Ֆրանսիական կինոյի բացմանը «Ոսկե ծիրան»-ի շրջանակում
«Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային փառատոնը ազդարարեց Ֆրանսիական կինոյի օրը: Ֆրանսիական ֆիլմերի ցուցադրության բացումը համընկավ Ֆրանսիայում հայտարարված եռօրյա սուգի հետ` նախօրդ օրը Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ: Բացման արարողությանը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ահաբեկչության զոհերի հիշատակը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆրանսիական ֆիլմերի ցուցադրությանը մասնակցում էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Նա իր խոսքում նշեց, որ Նիս քաղաքը համալրեց այն տխրահռչակ և բավականին երկար ցուցակը, որում են Փարիզը, Բրյուսելը, Թունիսը, Եգիպտոսը, Կահիրեն, Օրլանդոն և այլն: Նա շնորհակալություն հայտնեց հայերին և բոլոր նրանց, ովքեր իրենց զորակցությունն ու քաջալերանքի ուղերձներ են ուղղել: «Մենք թույլ չենք տա, որ մեզ վախեցնի ահաբեկչությունը: Ընդհակառակը, մենք պետք է դիմակայենք դրան»,- հայտարարեց դեսպան Շարպանտիեն:
Ողջույնի խոսքով հանդես եկան ֆրանսիացի ռեժիսոր Պիեռ Լեոնը, ում «Երկու Ռեմի, երկու» ֆիլմով մեկնարկեց ֆրանսիական ֆիլմերի օրը, ինչպես նաև ֆիլմի գլխավոր դերակատար Սերժ Բոզոնը: