«Ունենք շատ վտանգավոր, անկայուն միջավայր»

«Իսկապես, գործընթացը փակ է, փակ է ոչ միայն այն պատճառով, որ դա բանակցային գործընթաց է ու պետք է փակ լինի, այլ այն պատճառով, որ իրականում չկա արտահայտված և պարզ մարդկային լեզվով ձևակերպում, թե որն է հայկական կողմի համար ամբողջ այս բանակցային գործընթացի նպատակը»,- 168.am-ի հետ զրույցում ասել է «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ բանակցային գործընթացի թափանցիկության դեֆիցիտի պատճառներին:

«Իսկապես վտանգներ կան, դրանք շատ են՝ սկսած Նիցցայից ու արդեն այն հարցադրումից, որը չափազանց վտանգավոր է՝ «Եվրոպա գնալով՝ մենք ահաբեկչություն ենք բերում»: Ոչ, Եվրոպա գնալով՝ մենք ահաբեկչություն չենք բերում: Մեր ահաբեկչությունն այլ է. ունենք ներքին ահաբեկչություն, որի դիմացը չենք կարողանում առնել: Երբ հայրը խոշտանգում է երեխային և կնոջը, դա ոչ պակաս ահաբեկչություն է: Ոչ պակաս ահաբեկչություն է, երբ կոռուպցիան ողջ երկրի կարողությունը, պաշտպանության ոլորտն աղքատացնում է. դա ահաբեկչությունից ոչ պակաս վտանգ է: Նմանատիպ հարցադրումներ սկսեցին շրջանառվել 2001թ. ԱՄՆ-ում ահաբեկչությունից հետո, որոնք հանգեցրեցին շատ վատ հետևանքների, դրանք տարածվեցին ողջ աշխարհում:

Իսկ ներկայումս նաև ԱՄՆ-ը փորձում է այդ հետևանքները ավելի ու ավելի մաքրել՝ դա հանգեցրեց իրավունքների մասսայական խախտումների, ահաբեկչության աճի, որովհետև իրավունքի խախտումը միայն էլ ավելի մեծ հակահարվածի է բերում: Ինձ թվում է՝ մենք այսօր ունենք շատ վտանգավոր, անկայուն միջավայր, որից կարելի է սպասել ամեն բան: Ուստի քաղաքացիական հասարակության նպատակը հստակեցնելը շատ դժվար է: Նպատակն այն է, որ փորձենք իրավիճակը գնահատել, հասկանալ և հանրային շահը փորձենք պաշտպանել: Իսկ թե որքանով կկարողանանք՝ ժամանակը ցույց կտա»,- ասել է Լարիսա Մինասյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:
Լուսանկարը՝ aravot.am-ի

Տեսանյութեր

Լրահոս