«Զուլալ» ակապելլա եռյակն առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում
«Զուլալ» ակապելլա եռյակն առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում՝ հանդիսատեսին փոխանցելով հայկական ֆոլկ երաժշտության նուրբ ելևէջների շունչն ու ջերմությունը: Համերգը տեղի կունենա ս.թ. հուլիսի 16-ին և 17-ին, Կոմիտասի անվան երաժշտության տանը:
«Զուլալ»-ի կատարումներն առանձնանում են ազգային վառ երանգավորմամբ ու մաքրությամբ, ինչով էլ պայմանավորված է տրիոյի անվանումը: «Զուլալ»-ի անաղարտ և հոգեթով ելևէջների ներքո կենդանանում են հին հայկական ծեսերն ու ավանդույթները՝ ունկնդրին առօրյա անցուդարձից տեղափոխելով դեպի ավելի վաղ ժամանակների պարզություն, իսկ ակապելլա ժանրն ավելի անմիջական կապ է ստեղծում հանդիսատեսի հետ՝ առաջացնելով նուրբ ու ներդաշնակ զգացմունքներ:
««Զուլալ»-ը հրաշալի է՝ հին երգերի հարուստ ու գեղեցիկ մեկնաբանություններով: Այն ժամանակակից հայկական երաժշտության ամենահիասքանչ զարգացումներից է»,- հայտնի կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը նշել է տրիոյի մասին:
Տրիոյի երգացանկն ընդգրկում է հիմնականում հայկական ժողովրդական երգեր ու կոմիտասյան ստեղծագործություններ։ Հայկական մեղեդիները Սփյուռքում ներկայացնելով՝ սիրված ակապելլա եռյակը ջանում է փրկել դրանք մոռացությունից և նպաստել հայապահպանության գործին:
«Զուլալ»-ը ձևավորվել է 2002թ-ին: Անդամներն են Թենի Աբելյանը, Երազ Մարգարյանը և Անաիս Ալեքսանդրա Թեքերյանը, ում համար հայկական ֆոլկ երաժշտության ու ակապելլա ժանրի հանդեպ ունեցած սերը ոգեշնչման մշտական աղբյուր է:
««Զուլալ»-ի ստեղծումը որոշ չափով պատահականություն էր։ Մենք ծանոթացանք և սկսեցինք միասին ուսումնասիրել հայկական ժողովրդական երաժշտությունը։ Դեռևս քոլեջում մեզանից յուրաքանչյուրը սովորել է երգել առանց նվագակցության․ մենք սիրում էինք առանց գործիքավորման ու ներդաշնակ հնչողությունը։ «Զուլալ» անունը արտահայտում է այն մաքրությունն ու հստակությունը, որին ձգտում ենք մեր երաժշտության միջոցով»,- նշում են «Զուլալ»-ի կատարողները:
«Զուլալ»-ը ելույթ Է ունեցել այնպիսի հայտնի բեմերում, ինչպիսիք են Գեթթի թանգարանը, Քարնեգի հոլը, Քենեդի կենտրոնի «Միլենիում» բեմը, Նյու Յորքի «Սիմֆոնի սփեյս»-ը և Բերկլիի երաժշտական քոլեջը:
Հայաստան իրենց այցի ընթացքում «Զուլալ»-ի անդամները վարպետաց դասընթացներ են վարում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ երիտասարդ սերնդին փոխանցելով իրենց հարուստ երաժշտական փորձն ու գիտելիքները։
«Զուլալ»-ն առաջին անգամ Հայաստանում է Deem Communications ընկերության հրավերով, որը տարիներ շարունակ հայրենիքին է ներկայացրել անվանի սփյուռքահայ երաժիշտների և արտիստների: Նրանց թվին են պատկանում աշխարհահռչակ «System of A Down» խմբի գլխավոր վոկալիստ Սերժ Թանկյանը, երաժիշտ, դաշնակահար և կոմպոզիտոր Գի Մանուկյանը, երգիծաբան Վահէ Պէրպէրեանը, լիբանանահայ երգչուհի/երգահան ԱԷյլին Խաչադուրյանը, «Capital Cities» հայնտնի ամերիկյան ինդի փոփ խմբի անդամ Սեպուհ Սիմոնյանը, ինչպես նաև Սփյուռքում հայկական ֆոլկ երաժշտության ջատագով «Element Band»-ը: